Հոկտեմբերի 27-ը պետք է ստանա արժանի պատմական գնահատական. Նախագահ

Սրանից 60 տարի առաջ Արարատյան դաշտի փոքրիկ գյուղում ծնվել է մի հրաշք մանուկ, որի անունը եղել է Վազգեն

Վազգեն Սարգսյանի 60-ամյակի առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հիշատակի եւ ոգեկոչման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասաց, որ Սպարապետ Վազգեն Սարգսյանը 20-րդ դարի վերջի եւ 21-րդ դարի հսկաներից մեկն է:

«Սրանից 60 տարի առաջ Արարատյան դաշտի փոքրիկ գյուղում ծնվել է մի հրաշք մանուկ, որի անունը եղել է Վազգեն: Այդ հրաշք մանուկը հոյակապ հայկական ընտանիքում ստացել է իսկապես հայեցի կրթություն: Եթե եղել եք իրենց տանը, նկատել եք, որ ամեն օր իր պատուհանից տեսել է իր երազանքը՝ Մասիս սարը: Այդ հրաշք մանուկը 20-րդ դարի վերջի եւ 21-րդ դարի հսկաներից մեկն է՝ սպարապետ Վազգեն Սարգսյանը: Այսօր տոնում ենք նրա ծննդյան 60-ամյակը: 10 տարի հետո կտոնենք 70, հետո 80, 90, 100-ամյակը, բայց միշտ կմնա երիտասարդ, 40 տարեկան Վազգեն Սարգսյանը՝ մեր ազգային հսկաներից մեկը»,–նշեց նա։

Արմեն Սարգսյանը շեշտեց՝ ոչ միայն ճանաչել է Վազգեն Սարգսյանին, այլ նաեւ լավ ընկերներ են եղել։

Հարցին՝ այսօր կա՞ հնարավորություն՝ կերտելու այն Հայաստանը, որ երազում էր սպարապետ Վազգեն Սարգսյանը, նախագահը նշեց. «Այո, իհարկե կա, վստահ եմ, որ կա»։

Հոկտեմբերի 27-ի բացահայտելու գործող իշխանությունների պարտավորության մասին հարցին Արմեն  Սարգսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ Հոկտեմբերի 27-ը պետք է ստանա արժանի պատմական գնահատականը, իսկ պատմականի մեջ մտնում է նաեւ իրավականը»։

Հարցին՝ համաձա՞յն է արդյոք սպարապետի եղբոր՝ Արամ Սարգսյանի այն կարծիքի հետ, որ Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի այն դեպքում, երբ Ռուսաստանի իշխանությունը փոխվի, Արմեն Սարգսյանը հրաժարվեց պատասխանել. «Չեմ կարող Արամ Սարգսյանի ասածները մեկնաբանել»,- եզրափակեց նա: