10 հազար մարդը զոհն է նախկին գործընթացի

«Իմ քայլի» պատգամավորը՝ օպտիմալացման մասին

ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ վարչապետ Փաշինյանին ուղղված գրությունը, որով ներկայացվում է պետծառայողների օպտիմալացման ընթացիկ վիճակը, ըստ որի՝ մոտ 10 հազար հավելյալ արդյունք չստեղծող հանրային ծառայողներ հնարավոր է դառնան գործազուրկ, և «դրանից շահում է հայոց պետականությունը»:

Այս առնչությամբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Խնդիրը այդ մարդկանց կրճատելը չէ, այլ պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը: Եվ եթե այդ ճանապարհին պետք է մարդիկ կրճատվեն, ուրեմն դա անհրաժեշտ քայլ է»:

Նա նշեց՝ իրենք գիտակցում են, որ դա մեծ սոցիալական հետևանքներ է առաջացնելու, բայց նաև իրավունք չունեն պետական կառավարման համակարգը թողնելու այն նույն վիճակում. «Մեծ ձեռքբերում և երջանկություն չէ, որ 10 հազար մարդ ազատվելու է: Մենք դրան պետք է վերաբերվենք պատասխանատու կերպով, այսինքն՝ պետք է ասենք, թե այդ 10 հազար մարդը որ ծրագրերի միջոցով ավելի սահուն, առանց ցնցումների անցում կկատարեն մեկ համակարգից դեպի մասնավոր համակարգ»:

Վարազդատ Կարապետյանի խոսքով՝ այդ 10 հազար մարդը զոհն է նախկին գործընթացի. «Այսինքն՝ տարիներ շարունակ մենք ուռճացրել ենք պետական կառավարման համակարգը և այնտեղ տեղավորել հազարավոր մարդկանց, և այդ մարդիկ զրկվել են սովորական, անկեղծ մասնագիտություն ստանալու և մասնավոր հատվածում աշխատելու հնարավորությունից և փոխարենը կեղծիքի միջոցով դարձել են պետական կառավարման համակարգի մաս»:

Ինչ վերաբերում է ապրիլի 23-ը Քաղաքացու օր հայտարարելու մասին մամուլում շրջանառվող լուրերին, Վարազդատ Կարապետյանն ասաց. «Ես կողմ չեմ ոչ աշխատանքային օր հայտարարելուն: Մենք կարող ենք ապրիլի 23-ը հայտարարել Արժանապատիվ քաղաքացու օր՝ միաժամանակ այդ օրը թողնելով աշխատանքային, որովհետև ՀՀ քաղաքացին պետք է աշխատի»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: