Էքսկավատորով հարց են լուծում, այդպես չի կարելի. Ալեքսանդր Բադալյան

Նրա խոսքով՝ շենքը և առհասարակ նման շենքերը պետք է պահպանել, ոչ թե որևէ մեկի ցանկությամբ գնալ ու քանդել

Էքսկավատորով հարց են լուծում, այդպես չի կարելի. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ճարտարապետների միության փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանը:

««Շիրակ» հյուրանոցի մոտ տեղակայված Լուսավորության նախարարուձձթան շենքի դիմային հատվածը տարբեր լուծումներով կարելի է պահպանել, դրա տարբեր ձևերն ու մեխանիզմները կան, դրա միջազգային փորձն էլ կա, թե չէ ցանկացած հարց լուծում են էքսկավատորով, այդպես չի կարելի, դա պատմություն է, մշակույթ է»,-ասաց Բադալյանը:

Նրա խոսքով՝ շենքը և առհասարակ նման շենքերը պետք է պահպանել, ոչ թե որևէ մեկի ցանկությամբ գնալ ու քանդել.« Դեռ պարզ չէ, թե ում ցանկությամբ և ինչու, բայց քանդելը լուծում չէ, ես դեմ եմ, անկեղծ ասեմ՝  անգամ հոգնել եմ այդ մասին խոսելուց: Ամեն գնով պետք է պահպանել այդ շենքերը, չի կարելի այդպես անել»:

Ճարտարապետի խոսքով՝ նախ պետք է հարցի լուծման տարբերակներ գտնել, հետևել միջազգային փորձին, այդ դեպքում հաստատ կգտնվեն բազմաթիվ լուծումներ, և շենքերը չեն քանդվի:

Հիշեցնենք, որ 2004-ին ապամոնտաժված շենքի դիմային հատվածը քանդելու թույլտվություն այս տարվա փետրվարի 8-ին տվել է քաղաքապետարանը:

Երևանի քաղաքապետարանի պարզաբանման մեջ էլ ասվում է, որ սեփականատերը բիզնես կենտրոն է կառուցելու, իսկ շենքը ներառված չէ Երևան քաղաքի՝ ճարտարապետական տեսակետից արժեքավոր ճակատներ ունեցող շենքերի կազմում: