Այս մարդիկ ռեժիմի ստրուկ են դարձել. Նարեկ Սամսոնյան

Գուցե այս շենքը քանդելու համար կաշառք են տվել

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանն, ով մի խումբ քաղաքացիների հետ բողոքի ակցիա էր իրականացնում Հայկ Մարությանի եւ Արթուր Մեսչյանի դեմ` բողոքելով ԿԳՆ նախկին շենքի քանդման դեմ, այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ հայատնեց, որ այս շենքը մշակութային ժառանգության նմուշ է, այն կարելի էր պահել և նորոգել, ոչ թե քանդել:

«Արթուր Մեսչյանը ևս պետք է հասկանա, որ որքան էլ վաղը-մյուս օրն ասի՝ իրեն ստիպել են, որ ինքը դա անի, չի ընդունվելու: Այս շենքն իրոք մշակութային ժառանգության նմուշ է: Այն կարելի էր պահել և նորոգել, ոչ թե քանդել: Հայկ Մարությանին մենք ուղերձներ ունենք հղելու, որ նա հանգիստ չլինի: Նա հանգիստ չի ունենալու իր պաշտոնավարման ընթացքում: Մարությանի կողմից փչացվում է Արթուր Մեսչյանի մտավորականի կերպարը: Հիմա նրան փորձում են դարձնել մարդ, ով Երևանում շենքեր է քանդում: Ո՞ւմ շահերից է բխում այս շենքը քանդելը: Հայկ Մարությանն ունի կոնկրետ շահեր այս շենքը քանդելու համար: Ինձ մեկ-մեկ թվում է՝ Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետարանը խառնում է Կարգին հաղորդման սքեթչերի հետ և դերասանի կերպարում փորձում է հարցեր լուծել: Ես կոչ եմ անում նրան վերադառնալ Սուպեր մամայի կերպարի բարոյական մասին: Ես դիտել եմ դա, ի միջի այլոց, պարոն Մարության, ձեզ կնոջ կերպարն ավելի շատ է սազում, քան քաղաքապետի, հորդորում եմ, որ մարդկային առումով վերադառնալ այդ կերպարին եւ միշտ հիշեք ակտիվիստների մասին, դա էն հայտնի վարունգի նման է, այսօր ձեզ մոտ է, վաղը մեկ ուրիշ տեղ է լինելու», - ասաց ակտիվիստը:

Նարեկ Սամսոնյանը նշեց, որ Հայկ Մարությանը փողով ակտիվիստներին տարել է քաղաքապետարան՝ ապահովագրելու իրեն բողոքի ակցիաներից, սակայն դրանից իրական ակտիվիստների թիվը չի պակասելու. «Գուցե այս շենքը քանդելու համար կաշառք են տվել, գուցե Հայկ Մարությանի ընկերներից մեկին է ձեռնտու այս շենքը քանդելը, չգիտեմ, ամեն ինչ կարելի է ենթադրել: Ներկայացվածը հիմնավորումներ չի, աբսուրդի թատրոն է»:

Նարեկ Սամսոնյանի խոսքով` նախկինում մշակութային արժեք ներկայացնող շենքերի քանդման դեմ բողոքող ակտիվիստներն այժմ դարձել են «ռեժիմի ստրուկ» եւ այդ պատճառով բողոքի ակցիաներ չեն անցկացնում:

«Անկեղծ ասած ես սպասում էի, որ Զառա Հովհաննիսյանը գա էստեղ ջութակ նվագի, Համասյանը` դաշնամուր, Սաքունցը գա քննադատի, կամ Լեւոն Բարսեղյանը մի-երկու քֆուր տալով գար: Մենք սպասեցինք, որ ցույց տանք, որ այս մարդիկ այլեւս չկան, կոպիտ ասած ռեժիմի ստրուկ են դարձել»,-հավելեց նա: