«Խայտառակությու՛ն». Թրամփ

Փետրվարի 28-ին Ներկայացուցիչների պալատում լսել են Թրամփի նախկին անձնական փաստաբան Մայքլ Քոենին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հանոյում ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ բանակցություններից իր հեռանալուն կարող էր նպաստել այն հանգամանքը, որ գագաթնաժողովի հետ միաժամանակ դեմոկրատներն ԱՄՆ-ի Կոնգրեսում դռնբաց ունկնդրումներ էին կազմակերպել իր նախկին փաստաբան Մայքլ Քոենի հետ: Մարտի 3-ին այդ մասին Միացյալ Նահագների ղեկավարը գրել է Twitter-ի՝ իր էջում։

«Դեմոկրատների կողմից դատապարտված ստախոսի եւ խաբեբայի հետ դռնբաց ունկնդրումների անցկացումն այն նույն ժամանակ, երբ շատ կարեւոր միջուկային գագաթնաժողով էր ընթանում Հյուսիսային Կորեայի հետ, հավանաբար, ստորության նոր մակարդակ է ամերիկյան քաղաքականության մեջ, եւ դա կարող էր նպաստել «հեռանալուն»: Երբեք նման բան չեն արել, երբ նախագահն ուղեւորության մեջ է արտասահմանում: Խայտառակությու՛ն»,- հայտարարել է նա:

Փետրվարի 28-ին Ներկայացուցիչների պալատում լսել են Թրամփի նախկին անձնական փաստաբան Մայքլ Քոենին: Քոենը հայտարարել է, որ Թրամփը «ռասիստ է, խարդախ ու խաբեբա» եւ Թրամփին կապել է ԱՄՆ-ում կայացած ընտրությունների ենթադրյալ «ռուսական միջամտության» հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: