Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն ավարտում է մարզական կարիերան: Այդ մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Այս կապակցությամբ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հյուրընկալել է անվանի մարզուհուն և շնորհակալություն հայտնել ներդրած ջանքերի, ծանրամարտի պատմության մեջ հետք թողնելու և գրանցած հաղթանակներով Հայաստանի պատիվը բարձր պահելու համար:
«Մարզաշխարհում դուք պատմություն եք կերտել: Ձեր նվիրումն ու կամքի դրսևորումը չափազանց գնահատելի և օրինակելի են ոչ միայն մարզիկների, այլև, ընդհանրապես, մարդկանց համար, որոնք պետք է անցնեն պայքարի ուղին: Դուք արժանի եք ամենաբարձր մեծարանքին»,- ասել է Կարեն Գիլոյանը:
Հռիփսիմե Խուրշուդյանը ևս շնորհակալություն է հայտնել գնահատանքի և իր գործն արժևորելու համար. «Շնորհակալ եմ, որ իմ կողքին եք: Ամենաբարդ մրցապայքարում անգամ դա միշտ ոգևորիչ է և ուժ է տալիս»:
Հանդիպմանը քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ընթացիկ խնդիրներ:
0Comments