Սորոսի հայաստանյան գրասենյակի պատասխանը՝Ջորջ Սորոսին

Նամակ-պատասխանը ստացել ենք երեկ, քանի որ հիմնադրամի գործադիր տնօրենը ՀՀ-ում չէր

Փետրվարի 6-ին «Հրապարակը» հարցում էր ուղղել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ին՝ տեղեկանալու, թե մասնավորապես թավշյա հեղափոխությունից հետո հիմնադրամը կոնկրետ որ ԶԼՄ-ներին է աջակցում։ Այդ օրերին էր, որ ամերիկացի հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսը թվիթերյան իր միկրոբլոգում կատարել էր գրառում՝ ընդգծելով Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ուժեղ աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը։

«Երկրի ժողովրդավարության ներկայի եւ ապագայի համար Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ուժեղ աջակցությունը կենսական է»,-գրել էր Սորոսը։
Ելնելով Սորոսի հայտարարությունից՝ հիմնադրամից հետաքրքրվել էինք, թե քաղաքացիական հասարակությանն աջակցություն ցուցաբերելու համար ի՞նչ ծրագրեր են պատրաստվում ֆինանսավորել 2019թ․։ Մեր երկրորդ հարցը հետեւյալն էր․ «Ո՞ր ուղղություններն եք համարում անհրաժեշտ ֆինանսավորման տեսանկյունից, որոնք կարող են նպաստել քաղաքացիական հասարակության կայացմանը, քաղաքացիական ինստիտուտների հզորացմանը»։ Հետաքրքրվել էինք նաեւ, թե ինչպե՞ս է արտահայտվելու հիմնադրամի կողմից ԶԼՄ-ներին ցուցաբերվող աջակցությունը, ո՞ր ԶԼՄ-ներին են պատրաստվում ֆինանսավորել եւ կոնկրետ ի՞նչ ծրագրեր իրականացնելու համար։

Քանի որ հիմնադրամի կողմից մեզ ուղարկված պատասխանը  հագեցած է ընդհանրական ձեւակերպումներով, հարկ համարեցինք առանձնացնել այն հատվածները, որոնք վերաբերում են մեր կոնկրետ հնչեցրած հարցերին։
Նախ նշենք, որ նամակ-պատասխանը ստացել ենք երեկ, քանի որ հիմնադրամի գործադիր տնօրենը ՀՀ-ում չէր։ Նամակը թեեւ ուղարկված է հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի ստորագրությամբ, սակայն նշված է նաեւ տնօրենների խորհրդի կազմը․ նախագահ՝ Դավիթ Խաչատուրյան, Ռուբեն Բաբայան, Մարիաննա Գրիգորյան, Ինգա Զարաֆյան, Զարուհի Հովհաննիսյան, Արտակ Քյուրումյան։ Ըստ մեզ ուղարկված պատասխանի՝ հիմնադրամը 2019թ․ քաղաքացիական հասարակությանն աջակցություն ցուցաբերելու համար պատրաստվում է ֆինանսավորել ծրագրեր, որոնք ուղղված կլինեն Հայաստանի քաղաքացիական  հասարակության տարբեր կառույցների, ներառյալ հ/կ-ներ, քաղաքացիական նախաձեռնություններ, անհատ մասնագետներ եւ անհատ հետազոտողներ։

Մեր երկրորդ հարցին ի պատասխան՝ հիմնադրամից արձագանքել են․ «Հիմնադրամը 2019թ․ շարունակելու է կարեւորել այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են․ ա) մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, ներառյալ որեւէ տեսակի խտրականության չենթարկվելու, խոշտանգումից, վատ եւ անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, խոսքի եւ արտահայտման, ազատ հավաքների իրավունքները, բ) որակյալ կրթության հասանելիության եւ սոցիալական արդարության իրավունքը հանրակրթության բնագավառում, գ) բարեվարքության ապահովումը կրթության բոլոր մակարդակներում, դ) ակադեմիական ազնվության ապահովումը բուհական կրթությունում, ե) թափանցիկ եւ հաշվետու կառավարման երաշխիքների ստեղծումը, զ) կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ գործիքակազմի եւ պայքարի մեխանիզմների ստեղծումը, է) իրավունքի գերակայության հաստատումը, թ) անկախ հետազոտությունների հիման վրա, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, քաղաքականությունների մակարդակներում ժամանակակից պահանջներին համապատասխան փոփոխություններ իրականացնելը։

Ինչ վերաբերում է ԶԼՄ-ների աջակցությանը, ապա հիմնադրամից արձագանքել են, որ վերջին տարիներին իրենք ԶԼՄ-ներին աջակցելու ծրագիր չունեն։
«Հիմնադրամի կողմից որեւէ ԶԼՄ-ի ցուցաբերած աջակցությունը պետք է դիտարկել որպես հավելյալ գործիք, օժանդակություն՝ այլ ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքներն առավել լայն հանրությանը ներկայացնելու համար։ Դրանք նաեւ, հաճախ դիտարկվում են որպես ազատ տարածքներ, որտեղ քարոզվում են այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են՝ մարդու իրավունքներն ու ազատությունները, ժողովրդավարական արժեքները, թափանցիկ եւ հաշվետու կառավարումը, հակախտրականությունն ու հավասարությունը, սոցիալական արդարությունը, որտեղ նաեւ հնարավորություն է ստեղծվում բովանդակային բանավեճի՝ ազատ խոսքի եւ արտահայտման սկզբունքի հիման վրա՝ զերծ խտրական վերաբերմունքից հասարակության որեւէ խմբի նկատմամբ, նաեւ բացառելով ատելության եւ հակաժողովրդավարական արժեքների քարոզը։

Այս տեսակետից կարելի է դիտարկել հիմնադրամի կողմից «Ֆակտոր» տեղեկատվական կայքին աջակցությունը։ Թերեւս, պետք է նշեմ, որ, որպես ԶԼՄ, հիմնադրամը շարունակելու է օժանդակություն ցուցաբերել «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությանը՝ իր բացառիկ առաքելության համար, ներառյալ նաեւ՝ «Հետք» կայքի գործունեության ապահովումը»,- արձագանքել են մեզ հիմնադրամից։

Նյութի աղբյուր՝ hayeli.am