Այս րոպեներին Լոս Անջելեսում՝ «Dolby» թատրոնում, ավարտին է մոտեցել Ամերիկյան կինոակադեմիայի 91-րդ «Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը։ Հիմնական անվանակարգում ներկայացված էր երկու ֆավորիտ ֆիլմ՝ Փիթեր Ֆարելիի «Կանաչ գիրքը» տրագիկոմեդիան եւ մեքսիկացի Ալֆոնսո Կուարոնի իսպանալեզու «Ռոմա» դրաման։
Բացի այդ՝ այս տարի «Օսկար» մրցանակաբաշխությունն անցկացվում է միանգամից երկու սկանդալային պատմությունների համատեքստում։ Չորս տղամարդ հայտարարել է, որ դարձել «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմի ռեժիսոր Բրայան Սինգերի բռնության զոհը։ Բացի այդ՝ մրցանակաբաշխությունը պետք է վարեր կատակերգու Քեւին Հարթը, սակայն նա հրաժարվեց վարել այն հոմոֆոբ հրապարակումների պատճառով հալածանքի ենթարկվելուց հետո։
Վերադառնանք «Dolby» թատրոն, ուր րոպեներ առաջ ավարտվել է հոյակապ շոուն, որը լի էր հույզերով, արցունքներով, ուրախությամբ ու տխրությամբ։ Շոու՝ բազմաթիվ գեղեցիկ, տաղանդավոր տղամարդկանց եւ կանանց մասնակցությամբ, ովքեր մեծ կինո են ստեղծում։
Շոուի սկզբում բեմում հայտնվել են Ադամ Լամբերտը եւ Queen խմբի մասնակիցները «We Will Rock You» եւ «We Are the Champions» երգերի պոպուրիով, իսկ էկրանին հայտնել է Ֆրեդի Մերկուրիի պատկերը. նրա մասին պատմող կենսագրական ֆիլմը՝ «Բոհեմական ռապսոդիա»-ն, այս տարի առաջադրված էր գլխավոր անվանակարգում։ Ընդ որում, քննադատների կանխատեսմամբ՝ Բրայան Սինգերի անվան հետ կապված միջադեպի պատճառով ֆիլմն առհասարակ կարող էր մրցանակի չարժանանալ…
Բայց ոչ։ Այն մրցանակ է ստացել միանգամից երկու տեխնիկական անվանակարգում՝ «Լավագույն մոնտաժ» եւ «Լավագույն ձայնային մոնտաժ», ինչպես նաեւ եւս մեկ կարեւոր մրցանակ, որի մասին ավելի ուշ։
«Լավագույն կոստյումներ» անվանակարգում, հակառակ սպասումների, «Օսկար»-ի արժանացել է ոչ թե Յորղոս Լանտիմոսի «Ֆավորիտուհին» պատմական դրաման (ֆիլմի կոստյումներն իսկապես, շքեղ են), այլ Marvel-ի «Սեւ հովազը». կարճ ասած՝ հաղթել է աֆրոֆուտուրիզմը։
«Լավագույն գրիմ եւ սանրվածքներ» անվանակարգում մրցանակի են արժանացել Գրեմ Քենոմը, Քեյթ Բիսկոն եւ Պատրիցիա Դեխանին, ովքեր «Իշխանություն» ֆիլմում աշխատել են Քիստիան Բեյլի կերպարի վրա. նա ֆիլմում մարմնավորում էր գլխավորի հերոսի՝ քաղաքական գործիչ Դիք Չեյնիի կերպարը։
Առաջին դերասանական մրցանակը «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում ստացել է Ռեջինա Քինգը «Եթե Բիլ սթրիթը կարողանար խոսել» ֆիլմի համար։
Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմի երաժշտության ներքո բեմ են բարձրացել Դենիել Քրեյը եւ անհավանական Շարլիզ Թերոնը. նրանք հայտարարել են «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթողի անունը՝ Մախերշալա Ալի, ով խաղացել է «Կանաչ գիրք» ֆիլմում։ Ֆիլմը դիտողների համար դերն, ամենայն հավանականությամբ, առաջին պլանի է, սակայն կինոակադեմիան այդ որոշումն է կայացրել...
«Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում արժանիորեն մրցանակի է արժանացել Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» ֆիլմը։ Ինչպես հայտնի է, «Ռոմա»-ն պետք է նկարահաներ հանճարեղ Էմանուել Լյուբեցկին՝ Կուարոնի սիրելի կինոգործընկերը, սակայն չի կարողացել ծրագրին միանալ գրաֆիկի անհամապատասխանատության պատճառով։ Կուարոնն անձամբ ստանձնեց պատասխանատավությունը եւ խնդիրն այնպես լուծեց, որ աշխատանքը կարել է ներառել օպերատորական վարպետության գրքերում։ «Ռոմա»-ն մրցանակի է արժանացել նաեւ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։ Հաղթողին հայտարարող Խավյեր Բարդեմը ոչ պատահականորեն իսպաներենով ասաց. «Այսօր մենք նշում ենք տարբեր մշակույթների նվաճումները»։
0Comments