Անժելան տրոլեյբուս կվարի. այդ ոլորտում նա դեռևս միակ կին վարորդն է

Մանրամասները՝ 1lurer.am-ի տեսանյութում

Անժելան շուտով տրոլեյբուսի վարորդ կաշխատի: Մասնակցել է «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության կազմակերպած դասընթացին և քննությունը հանձնել դրական արդյունքով: Վարորդական իրավունքի կարգը ստանալուց հետո որոշ ժամանակ էլ երթուղի դուրս կգա հմուտ վարորդի հսկողությամբ, ու երբ վարպետը համարի, որ նորեկը պատրաստ է, արդեն աշխատանքի կընդունվի:

Անժելա Պողոսյան (վարորդ) - Հավանեցի ու հետաքրքիր է, էլի: Ամեն դեպքում նորություններ սիրում եմ, դժվարություններից չեմ վախենում, չնայած դժվար էլ չէր: 2-3 օր քշել ենք ներսում, դրանից հետո դրսում ենք քշել: Դրսում ենք սովորել վարել: Քաղաքում՝ խցանումների միջով:

Անժելան հինգ տարի մեքենա է վարել, դրանից չորսը՝ տաքսի: Որոշել է փոխել աշխատանքը՝ ընտրելով առավել հուսալին ու կայունը:

Անժելա Պողոսյան - Ամեն դեպքում, պետական աշխատանք է. մեծ կապ ունի:

Տրոլեյբուսի վարորդի անվճար դասընթացներին մասնակցել կարող են ինչպես արդեն վարորդական վկայական ունեցողները, այնպես էլ սկսնակները: B, C, D կարգ ունեցողները սովորում են տրոլեյբուսի կառուցվածքը, հրահանգավորումներ ստանում՝ ինչպես գործ ունենալ էլեկտրականության հետ:

Ասքանազ Պետրոսյան («Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ գլխավոր ճարտարագետ) - Եվ երբ տեսնում ենք, որ նրանք պատրաստ են, լիարժեք տիրապետում են, նշանակում ենք քննություն: Եվ այդ քննությունը հանձնելուց հետո նրանք կարող են այս քննության արդյունքները վերցնել այստեղից, ներկայանալ ՃՈ: Առանց որևէ լրացուցիչ քննության՝ ՃՈ-ում ստանում են տրոլեյբուս վարելու իրավունք, իսկ ովքեր տեսական մասը պետք է հանձնեն, շաբլոնը հանձնում են և նոր են ստանում:

Երևանում տրոլեյբուսի վարորդների պահանջարկը մեծ է: Դասընթացների արդյունքով ութ վարորդ ընդունելուց հետո նրանց ընդհանուր թիվը կդառնա 53, բայց քաղաքը սպասարկող հին ու նոր 56 շարժակազմ կա: Առնվազն այդքան վարորդ էլ ընկերությունը պատրաստ է աշխատանքի ընդունել՝ չհաշված սպասվող տրոլեյբուսների նոր խմբաքանակը, որն իր հերթին կընդգծի անձնակազմի պակասը:

Ասքանազ Պետրոսյան - Ցանկալի է շատ, որ Երևան քաղաքում էլկտրատրանսպորտն աշխատի երկհերթ, ինչպես նախկինում էր՝ այն երանելի ժամանակներում, երբ առավոտյան ժամը 5.30-ից դուրս էր գալիս առաջին տրամվայը և տրոլեյբուսը, ու մինչև ժամը 14-14.30-ը աշխատում էր մի հերթափոխը, հաջորդը աշխատում էր մինչև 23-24-ը: Սա է նպատակը, սա է հիմնական ուղղությունը, ուստի ինչքան ասեք, մեզ վարորդ պետք է:

Հիմա նրանք աշխատում են իրավունքի խախտումով՝ օրական մոտ 12 ժամ, հանգիստը՝ 3 կամ 4 օր պարբերականությամբ: Պետրոսյանն ասում է՝ դա, իհարկե, անբնական, ոչ խրախուսելի, վնասակար վիճակ է, որը պետք է շտկել: Բայց քանի դեռ չկան բականաչափ վարորդներ, այլընտրանքը բնակչությանն առանց այս փոխադրամիջոցի թողնելն է:

Անկեղծ ասեմ՝ ես էլ եմ զարմանում հաճախ: Թրծվում են մարդիկ: Մարդը, երևի թե, ամենահզոր ու ամենահարմարվող էակն է, էլի: Ծանր աշխատանք են անում, իհարկե, ես դա գնահատում եմ, ուզում եմ բոլորն էլ գնահատեն: Զոհողություն ասեմ, վարորդը որ անում է, նվիրաբերություն ասեմ, որ անում է, նվիրվածություն, որ ասում են, նվիրված աշխատանք, չէ:

Թույլատրելիից երկար աշխատանքային գրաֆիկը Անժելային հետ չի պահել որոշումից: Ասում է՝ այդպիսի ծանրաբեռնվածությունն իր համար նորություն չէ:

Անժելա Պողոսյան - Որպես տաքսու վարորդ՝ վարորդուհի, շատ-շատ եմ քշել: Թե՛ ժամային, թե՛ կիլոմետրով: Սովոր եմ:

Տրոլեյբուսի վարորդի աշխատավարձը վերջերս է բարձրացել: Տարբեր բաղադրիչներից ձևավորվող վարձատրությունը հունիսի վճարման տվյալով կազմել է 330-350 հազար դրամ: Քննարկվում է առաջիկայում նորից բարձրացնելու հարցը: «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության պաշտոնյան ասում է՝ հերթափոխ լինելու դեպքում աշխատավարձը չի նվազելու: Հաջորդ դասընթացը կկազմակերպվի նոր խումբ ձևավորելուց հետո: Հնարավոր է՝ Անժելան միակ կին վարորդը չլինի: Եվս երկու կանայք հետաքրքրվել են դասընթացով:

Մանրամասները՝ 1lurer.am-ի տեսանյութում