Թուրքիայի ընդդիմության առաջնորդը Թրամփի բառապաշարը «փողոցային» է անվանել

Նա քննադատել է երկրի իշխանություններին Թրամփի սպառնալիքներին շատ մեղմ արձագանքելու համար

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Թուրքիային ուղղված սպառնալիքների համար:
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, քեմալականների առաջնորդը «փողոցային» է անվանել ԱՄՆ ղեկավարի բառապաշարը:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը Թուրքիային տնտեսական պատժամիջոցներով էր սպառնացել`Սիրիայի քրդերի դեմ հարձակման դեպքում:
«Ոչ ոք չի կարող փողոցային բառապաշարով սպառնալ Թուրքիային»,- ասել է Քըլըչդարօղլուն՝ քննադատելով նաև երկրի իշխանություններին, որոնք, ըստ իրեն, շատ մեղմ են արձագանքել Թրամփի սպառնալիքներին:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Թրամփի՝ Թուրքիայի տնտեսությունը պատժամիջոցներով «ոչնչացնելու» մասին սպառնալիքներն ու դրան հետևած նրանց հեռախոսազրույցը, նշել է, որ Թրամփի խոսքերը «տխրեցրել» են իրեն: Էրդողանը նշել է, որ դրանից հետո իրենք բավականին դրական հեռախոսազրույց են ունեցել Թրամփի հետ՝ հույս հայտնելով, որ այդպիսով եկել են պատմական կարևորություն ունեցող փոխըմբռնման: