Էրդողանն ու Պուտինը կհանդիպեն

Ամենայն հավանականությամբ հանդիպումը տեղի կունենա հունվարի 23-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ցանկանում է հունվարի 23-ին հանդիպում ունենալ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Ամենայն հավանականությամբ կհանդիպենք ամսի 23-ին: Մենք կհանդիպենք դեմ առ դեմ: Բացի այդ՝ ունենք նաև եռակողմ հանդիպում Սիրիայի հարցով. հարգելի Պուտինը, ես և Ռոհանին: Սակայն հստակ ամսաթիվ դեռ չկա», - ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ նույն ելույթի ընթացքում Էրդողանը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թուրքիայի տնտեսությունը պատժամիջոցներով «ոչնչացնելու» մասին սպառնալիքներն ու դրան հետևած նրանց հեռախոսազրույցը, նշել է, որ Թրամփի խոսքերը «տխրեցրել» են իրեն: Էրդողանը նշել է, որ դրանից հետո իրենք բավականին դրական հեռախոսազրույց են ունեցել Թրամփի հետ՝ հույս հայտնելով, որ այդպիսով եկել են պատմական կարևորություն ունեցող փոխըմբռնման: