Պուտին-Փաշինյան եւ Լավրով-Միրզոյան հանդիպումներից հետո ոչ մեկի մոտ պատրանքներ արդեն չեն մնացել

Մանրամասներ

1

Ուշացումով, սակայն հայ հանրության տարբեր խմբեր դուրս են գալիս շոկից եւ փորձում են ինքնակազմակերպվել։ Կուսակցությունների, հանրային գործիչների, մարտական եղբայրության միաբանություններ են ստեղծվում, որոնք քննարկումներ են սկսել իրավիճակի գնահատականի եւ անելիքների վերաբերյալ։ Սա կարելի է համարել դիմադրության շարժման առաջին քայլերը, որն ի վերջո պետք է հանգեցնի Ազգային խորհրդի ստեղծմանը՝ Հայաստանի ու հայ ժողովրդի իրավունքների ու պահանջների հիմքով։

Հայաստանի դեմ Ռուսաստանի նախաձեռնած ու իրականացրած 2020-ի ռազմարշավի եւ հետպատերազմյա «կարգավորման» թիրախը Հայաստանի մասնատումն է եւ ինքնիշխանության վերացումը։ Պուտին-Փաշինյան եւ Լավրով-Միրզոյան հանդիպումներից հետո պատրանքներ արդեն չեն մնացել ոչ մեկի մոտ։ Ռուսաստանի քաղաքականության պատճառներին ու նպատակներին Լրագիրը բազմիցս անդրադարձել է, նշենք միայն, որ դրա իրականացումը հնարավոր էր նաեւ Հայաստանի ներքին իրավիճակի համապատասխան «կարգավորման» միջոցով։

Մոսկովյան քվոտաներով եւ ռուս-թուրքական «եռակողմ» փաթեթին հավատարմության հիմքով կազմավորված հայկական խորհրդարանն այդ քաղաքականության իրականացման, ինչպես նաեւ հայկական քաղաքական իրավունքների բացառման գրավականն է։ ՔՊ «խաղաղ դարաշրջանի» եւ խորհրդարան անցած ընդդիմության «արժանապատիվ խաղաղության» նույնաբովանդակ հայեցակարգերը դրա վկայությունն են։

Այս պայմաններում, փաստացի գործ ունենք «օկուպացիոն ռեժիմի» հետ, ինչը հրատապ է դարձնում Ազգային խորհրդի կազմավորումը, որն իր վրա կվերցնի ազգային օրակարգերի ու հայեցակարգերի մշակման գործը՝ որոշումներ կայացնելու հեռանկարով։ Հանրային տարբեր խմբերի ինքնակազմակերպումը եւ քննարկումների ծավալումն առաջին քայլն է նոր պետություն ստեղծելու ճանապարհին։

Սկզբնաղբյուր