Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, որտեղ հայ նախարարը վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստ է «խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ»: Նույն օրը հաղորդվեց, որ սեպտեմբերի 9-ին Պուտինը և Լուկաշենկոն կստորագրեն համաձայնագիր «Ռուսաստանի և Բելառուսի ինտեգրման մասին»:
Հայաստանը մտադի՞ր է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ ընդհուպ մինչև «միութենական պետության» աստիճան: Եվ արդյո՞ք կողմերը «համաձայնվել» են թողնել «ղարաբաղյան կարգավորումը» Ռուսաստանի հայեցողությանը:
Միրզոյանն ասել է, որ «եթե բանակցությունները վերսկսվեն», դրանց հիմքում պետք է լինի Արցախի կարգավիճակի հարցը: ԵԱՀԿ Մինսկի խմբի արևմտյան համանախագահները՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, հստակորեն հայտարարել են, որ միայն Արցախի կարգավիճակի որոշումը կդառնա հակամարտության վերջնական կարգավորումը և կապահովի երկարաժամկետ խաղաղություն:
«Երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն սահմանների սահմանազատման և սահմանագծման միջոցով: Այս կապակցությամբ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությունը բոլորին քաջ հայտնի է», պատասխանել է Լավրովը: Մոսկվայի առաջարկած սահմանազատումն ըստ խորհրդային քարտեզների «կսահմանի» Արցախի կարգավիճակը՝ որպես Ադրբեջանի մաս:
Հայաստանը պատրաստ է խորացնել ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը Երևանի գլխավոր ռազմաքաղաքական դաշնակիցն ու տնտեսական գործընկերն է: Եվ դա արտացոլված է հանրապետության կառավարության ծրագրում, ասել է Արարատ Միրզոյանը: «Մեր ռազմավարությունը խաղաղությունը և կայունությունն է տարածաշրջանում, մենք պատրաստ ենք ակտիվ երկխոսության այս ուղղությամբ», ասել է Միրզոյանը:
Հայաստանն, ըստ էության, առաջ չի քաշում բանակցությունների վերսկսումը և կարգավիճակի որոշումը՝ որպես «խաղաղության» պայման: «Այս պահին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ չկան», ասել է Արարատ Միրզոյանը:
«Այսօր մենք կրկին ամրագրեցինք, որ մեր դիրքորոշումները համընկնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումների հետ, ըստ որոնց ՝ բաց է մնում ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորումը: Մենք ելնում ենք նրանից, որ բացառապես բանակցությունների միջոցով կարելի է հասնել այն լուծմանը, որը կհանգեցնի խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում: Նման կարգավորման հիմքում պետք է լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը», ասել է Միրզոյանը:
Լավրովն, իր հերթին, բացառեց բանակցությունները: «Մենք լիովին հավատարիմ ենք փաստաթղթերին, որոնք մեր ղեկավարները եռակողմ ձևաչափով ընդունել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին ու այս տարվա հունվարի 11-ին։ Հիմա ես ելնում եմ նրանից, որ խոսքը չի գնում գործընթացի վերսկսման մասին, խոսքը այն ամենը կատարելու մասին է, ինչն արդեն ստորագրվել է: Եվ առաջին հերթին պետք է ապահովել հուսալի անվտանգություն և վերականգնել վստահությունը», ասել է Լավրովը:
0Comments