ԿԱՐԵՎՈՐ․ Համաներում՝ զինվորական ծառայության կարգի դեմ հանցանք կատարած և 44-օրյա պատերազմին մասնակիցների նկատմամբ

Մանրամասներ

1

ՀՀ քննչական կոմիտեն իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում այսօր հրապարակել է «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծի ընդունման արդյունքում կհայտարարվի համաներում, որը կտարածվի 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական գործողություններին մասնակցած այն անձանց նկատմամբ, որոնք մինչև 2020թ. սեպտեմբերի 26-ը ներառյալ, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ից մինչև 2021թ. մարտի 24-ը (երկրում հայտարարված ռազմական դրության ժամկետի ավարտը) կասկածվում, մեղադրվում են կամ դատապարտվել են ՀՀ ՔՕ 32-րդ գլխով նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու համար (ՔՕ 356-383 հոդվածներ):

«Արդյունքում պետությունը, համաներում հայտարարելով, գնահատում է ռազմական գործողությունների ընթացքում իր զինված ուժերի կողքին կանգնելու քաղաքացիական պարտքի կատարման վեհ գործին նվիրումը, ինչին ի պատասխան ցուցաբերում է մարդասիրական մոտեցում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ»,- նշված է նախագծի հակիրճ բնութագրում:

Օրինագծով հստակեցված է օրենքի կարգավորման առարկան, առանձնացված են համաներում կիրառելու շրջանակները՝ քրեական գործի հարուցումը մերժելու, հարուցված քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, պատժից ազատելու դեպքերը, ինչպես նաև այն հիմքերը, որոնց դեպքում համաներումը չի կիրառվի:

«Նախագծում նախատեսվել է դրույթ առ այն, որ համաներումը կիրառվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող այն անձանց նկատմամբ, որոնք մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը ներառյալ՝ անձամբ կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Նախագծի հեղինակները հիմնավորման մեջ շեշտել են, որ «պետությունը համաներում հայտարարում է՝ ելնելով ոչ միայն քաղաքական և տնտեսական նպատակահարմարությունից, այլև ժողովրդավարական իրավական պետությունում նման մարդասիրական քայլի սոցիալական պայմանավորվածությունից»:

Եվ այս հիմնավորումով, մարդասիրության և համերաշխության սկզբունքներով առաջնորդվելով է ՀՀ կառավարությունը որոշել հանդես գալ համաներում հայտարարելու առաջարկությամբ:

Ըստ հեղինակների՝ նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում այս նախագծի վերաբերյալ առաջարկություններ անելու համար քաղաքացիներն ունեն ժամանակ մինչև սեպտեմբերի 7-ը: