Օգոստոսի 23-ին Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:
Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի և կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ ԱԺ նախագահը շրջայց իրականացրեց՝ ծանոթանալով կենտրոնի գործունեությանը:
Կենտրոնում վերականգնողական բուժում ստացող տարբեր տարիների պատերազմների մասնակիցների հիմնական ցանկությունը լիարժեք ապաքինումն էր:
Արմեն Մուրադյանը նշեց, որ կենտրոնում բուժում ստացածներից շատերը սեփական կամքի ուժի եւ բուժանձնակազմի ամենօրյա ջանքերի շնորհիվ հրաժեշտ են տվել անվասայլակին, շատերն էլ՝ նորից քայլել են սովորել:
ԱԺ նախագահը կարևորեց կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքները՝ շեշտելով, որ կենտրոնում իմաստավորվել է «վերականգնողական» բառը՝ բուժելուն զուգահեռ ցանկացողներին նոր մասնագիտություն սովորեցնելով: Հրաժեշտ տալով հայրենիքի պաշտպաններին՝ ԱԺ նախագահը խոստացավ որոշ ժամանակ անց կրկին այցելել՝ տեսնելու այդ ընթացքում գրանցած հաջողությունները:
0Comments