Պուտինը գործի է անցնում. Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմը սարերի հետևում չէ

Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում՝ այս անգամ արդեն Հայաստանից Սյունիքը գրավելու համար

ա

Հայաստանը կենտրոնացել է ներքաղաքական հարցերի շուրջ այն ժամանակ, երբ տարածաշրջանում մեծ ակտիվությամբ գործընթացներ են տեղի ունենում, որոնք լուրջ ու արդեն անթաքույց սպառնալիքներ են պարունակում երկրի համար:

Այժմ թվում է, որ Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում, այս անգամ ՝ արդեն ուղղակի ներխուժում  Հայաստանի տարածք։
Մասնավորապես, հունական Greek City Times պարբերականը հրապարակել է հոդված, որում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր նոր պատերազմին։
Հոդվածագիրը նկատում է, որ հակառակ նրան, որ Ադրբեջանը սիրիացի վարձկանների և թուրքական հատուկ նշանակության ջոկատների օգնությամբ հայկական կողմից հետ է վերցրել նախկին ԽՍՀՄ-ի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը շրջապատող յոթ շրջանները, կարծես թե շուտով նոր հակամարտություն է սկսվելու:

Յոթ շրջանների նկատմամբ վերահսկողությունը պահպանելու հարցում Նիկոլ Փաշինյանի անպատրաստության կամ շահագրռված չլինելու պատճառով նվաստացուցիչ պարտությունից հետո Ադրբեջանին տրվեց ցամաքային ուղիղ ճանապարհ, որպեսզի նա կարողանա Հայաստանի Սյունիքի մարզով մուտք գործել իր էքսկլավ Նախիջևան: Սա համաձայնեցվել էր նոյեմբերի 10-ի եռակողմ (Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան) հայտարարության ստորագրման ժամանակ:

Այսպիսով, եթե Ադրբեջանը գրավի Սյունիքի մարզը, ապա դա ոչ միայն Ադրբեջանը Նախիջևանին կկապի, այլև հնարավորություն կտա Թուրքիային՝ ուղղակի ելք ունենալ դեպի նավթով և գազով հարուստ Կասպից ծով և հետագայում Կենտրոնական Ասիա:

Այժմ Բաքուն ու Անկարան ձեռքները ծալած չեն նստում և ակտիվացրել են ազգայնականներին, որոնք կոչ են արել շրջափակել Սյունիքի մարզը՝ վերջ տալու Ադրբեջանից Նախիջևանի անջատմանը: 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ, ըստ ակնառու մի շարք իրողությունների համադրման, Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում՝ այս անգամ արդեն Հայաստանից Սյունիքը գրավելու համար։
Այդ մասին ևս մեկ ապացույց է երեքշաբթի օրը Ադրբեջանի նախագահի արած հետևյալ արտահայտությունը․ «Հայաստանը ցանկանում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը, սակայն դա նրան չի հաջողվի: Մենք նրանց պարտադրենք»:

Սա հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ է, Նախիջևանը Ադրբեջանի հետ կապելու նպատակով, Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցք կառուցելու համար ուժ կիրառել: Ալիևի հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ փետրվարի վերջին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ Ադրբեջանի զինված ուժերը՝ Ղարաբաղում հատուկ գործողություն են իրականացնելու․ «Մենք չենք կարող ձեզ ասել, թե հստակ որ տարածքում տեղի կունենան գործաողությունները, սակայն երկու կողմերում էլ ռազմական տեխնիկայի կուտակում կա»:

Մեկ այլ ենթադրության համաձայն Ադրբեջանը նոր ռազմական գործողության է պատրաստվում Սյունիքի մարզի ուղղությամբ։ Ենթադրությունը հիմնված է նրա վրա, որ թուրքական Boeing 737AEW & C նախազգուշացնող և վերահսկող ինքնաթիռը պտույտներ է կատարել Հայաստանի սահմանի մոտակայքում: 
Ադրբեջանի կողմից նոր պատերազմի պատրաստվելու մասին ենթադրությունն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ հայտնի է դառնում, որ Ուկրաինան, կարծես, գարնանը Դոնբասում զինված խմբավորումների դեմ հարձակման է պատրաստվում:

Հնարավոր է, որ Թուրքիայի մտերիմ դաշնակիցներ Ադրբեջանը և Ուկրաինան կարող են համաժամանակյա գործողություններ սկսել՝ Դոնբասի աշխարհազորայինների և Հայաստանի դեմ`Ռուսաստանին զիջումներ պարտադրելու նպատակով, եզրակացնում է հույն հոդվածագիրը:

Էրդողանն անօդաչու թռչող սարքեր է տրամադրում ուկրաինական ռազմական ոլորտին և նաև ասում, որ չի հապաղի Հայաստանի դեմ գործել, եթե այն չենթարկվի Թուրքիայի պահանջներին:

Այս բոլոր զարգացումների համատեքստում ակտիվացել է նաև Մոսկվան. հակառակ Փաշինյանի՝ Հայաստանը Ռուսաստանից դեպի ազատական Արևմուտք տանելու փորձերին, Մոսկվան այժմ օգնում է հայկական ռազմական ոլորտի բարեփոխումներին և վերազինմանը: 

Այս հանգամանքը անհանգստացրել է Ալիևին, ով հայտարարել է, որ Ռուսաստանը չպետք է նոր զենքեր տրամադրի Հայաստանին կամ օգնի Հայաստանին արդիականացնել իր բանակը։
Արդյոք Մոսկվան կկարողանա՞ կարգավորել Կովկասում և Դոնբասում միաժամանակ ի հայտ եկած հակամարտությունները, եթե Ադրբեջանը և Ուկրաինան միաժամանակ գարնանային գրոհներ սկսեն:

Շատ հավանական է, որ Թուրքիան Ադրբեջանին և Ուկրաինային միաժամանակյա գործողություններ ձեռնարկելու կոչ անի՝ Ռուսաստանից զիջումներ ստանալու համար:

Անհանգստացնող է, որ որպես զիջում կարող են Հայաստանին ստիպել՝ տրանսպորտային միջանցք բացել Ադրբեջանի և Նախիջևանի միջև: 

Իսկ ի՞նչ քայլեր է Հայաստանը ձեռնարկում՝ գոնե այս անգամ առանց կորուստների տարածաշրջանային մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ, կարծես չի հասկացվում: Տպավորությունն այնպիսին է, որ ամորֆ իշխանությունն ու նույնքան անընդունակ ընդդիմությունը հավասարազոր որակի զուտ ներքաղաքական խաղիկներով են բավարարվում. նրանք պարզապես չեն նկատում մոտեցող աղետը, ուր մնաց պատրաստվեն դիմակայության: