ՀՀ ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզները բացահայտել են տաքսու վարորդի կողմից մի կնոջ կողոպտելու դեպքը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հունվարի 11-ին, ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքում կողոպուտի վերաբերյալ հաղորդում է ստացվել. Աշտարակում բնակվող մի կին ահազանգել էր ոստիկանություն ու հայտնել, որ տաքսու վարորդն իրենից փող է հափշտակել։
«Տուժողի հետ զրույցից պարզ դարձավ, որ տղամարդը նրանից 20 հազար դրամանոց է վերցրել, որ մանրի, բայց փողը բացահայտ հափշտակել ու փախել է»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ հավելելով, որ Ավանի քրեական հետախույզները կողոպուտը կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու միջոցառումներ են ձեռնարկել, որոնք արդյունք են տվել դեպքից ժամեր անց։
Շուտով հայտնի է դարձել կասկածվողի ինքնությունը, և Էջմիածնի բնակիչ, 41-ամյա տղամարդուն ոստիկանները հայտնաբերել են նույն օրը, ժամը 21-ի սահմաններում։ Նա Դավիթ Անհաղթի փողոցից բերման է ենթարկվել Ավանի բաժանմունք, և տվել խոստովանական բացատրություն։
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
0Comments