«Գաղտնիքը» բացահայտվա՞ծ է

Ինչպես են կրկնապատկել նախարարների աշխատավարձն ու ում փողն են նրանք ստանում

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կրկին խոսեց նախարարների և մի շարք այլ պաշտոնյաների աշխատավարձերը գաղտնի բարձրացնելու մասին:

Մարուքյանը հայտնեց, որ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանից հետո մոտեցել է վարչապետ Նիկոլ Փաշինանին և նրան հանձնել համապատասխան օրենքի համապատասխան հոդվածը, որ պարգևատրումների ֆոնդը չի կարող գերազանցել աշխատավարձի 30 տոկոսը. «Ես վարչապետին ասացի, որ նման բան կա գրված ու ուզեցա հասկանալ, թե ինչպես են երեք սուբյեկտների 100 տոկոսով ավել տվել: Նա ասաց, որ առաջնորդվել են բյուջեի մասին օրենքով ու հրավիրել ֆիննախին: Ես նրա հետ էլ բանավեճ ունեցա: Ես ասում էի, որ պետք է առաջնորդվել պաշտոնատար անձանց վարձատրության մասին օրենքով: Ջանջուղազյանն ասաց, որ իրավաբան չէ, մեկնաբանության հարց է, իրենք առաջնորդվել են բյուջեի մասին օրենքով»:

Պատգամավորի խոսքերով, այստեղ այլ հարց է առաջանում. «Եթե կա 30 տոկոս ֆոնդ, որից որոշ սուբյեկտների կարողանում ես 100 տոկոսով ավել տալ, նշանակում է, որ որոշ այլ սուբյեկտների ընդհանրապես որևէ բան չես տալիս: Պետք է հասկանալ, թե որոնք են այդ սուբյեկտներն ու այն՝ արդյո՞ք դա սուբյեկտիվ որոշման արդյունք չէ»:

Մարուքյանը հայտնեց, որ մի քանի տասնյակ նամակ է ստացել, մարդիկ խնդրել են անանուն մնալ. «Նրանք պնդում են, որ ընդհանրապես պարգևավճար չեն ստանում, քանի որ իրենց անմիջական ղեկավարն ամսվա վերջում իրենց անունը հանում է: Հանողները պնդում են, որ չստացողները լավ չեն աշխատում, իսկ չստացողներն ասում են, որ այն տրվում է ղեկավարների մտերիմներին: Որպեսզի այս շահարկումները չլիեն, եկեք 30 տոկոսով ավելացնենք բոլորի աշխատավարձերը, պրծնենք այս խոսակցություններից»:

Մարուքյանն ասաց, որ նախարարների աշխատավարձերը կրկնապատկել են՝ շրջանցելով խորհրդարանը. «Դա չի կարելի անել գաղտնի: Բարձր աշխատավարձը նորմալ է, սակայն պետք է նայել, թե ինչպես է դա կատարվում»:

analitik.am