ԱՄՆ-ում բնակելի տունն արյունով է «հեղեղվել». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նիք Լեսթինայի ընտանիքը շուրջ 10 տարի ապրում է մսի խանութի հարևանությամբ, խանութի սեփականատերերն էլ, իրենց հերթին, ասել են, որ տեղյակ չեն եղել խնդրից, և դա նրանց մեղքով չի առաջացել

ԱՄՆ Այովա նահանգի Բագլի քաղաքում ապրող ընտանիքը ստիպված է եղել հեռանալ սեփական տնից` նկուղում լցված արյան, ոսկորների և ճարպի պատճառով, գրում է Newsweek-ը:

Նիք Լեսթինայի ընտանիքը շուրջ 10 տարի ապրում է մսի խանութի հարևանությամբ: Տարվա սկզբին խանութի տերերը փոխվել են:

Հոկտեմբերին, ըստ Բնական պաշարների վարչության, արգելափակել են խանութի ջրահեռացման համակարգը, ինչի արդյունքում կենդանիների մնացորդները հայտնվել են հարևան տան նկուղում: Ջրի մակարդակը հասել է մոտավորապես 13 սանտիմետրի:

Նիք Լեսթինան նշել է, որ խանութի սեփականատերերը կապի դուրս չեն եկել, իսկ նկուղի վերականգնման ծախսերը 2 հազար ԱՄՆ դոլար են կազմում:

«Ոչ ոքի չեմ ցանկանա նման բան, սակայն միակ բանը, որ այժմ կարող եմ անել, առաջ շարժվելն ու խնդիրը լուծել փորձելն է»,- նշել է Նիք Լեսթինան:

Ընտանիքը պլանավորում է դատարան դիմել` խանութի սեփականատերերի` կապի դուրս չգալու դեպքում:

Խանութի սեփականատերերն էլ, իրենց հերթին, ասել են, որ տեղյակ չեն եղել խնդրից, և դա նրանց մեղքով չի առաջացել: