Պաշտոնական գործուղումների և արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար պետական բյուջեով նախատեսված ծախսերը դարձյալ քչություն են անում։ Ուստի կառավարությունը որոշել է հերթական անգամ դրանք ավելացնել։ Այս անգամ պահուստային ֆոնդից կհատկացվի ընդհանուր առմամբ 290 մլն դրամ, որից 190 միլիոնը արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության, իսկ 100 միլիոնը պաշտոնական գործուղումների համար։
Իհարկե, սա առաջին անգամը չէ, որը կառավարությունը ավելացնում է գործուղումների և ընդունելության ծախսերը։ Ի սկզբանե այս երկու ուղղություններով նախատեսված էր ընդհանուր առմամբ 550 մլն դրամ։ Կառավարության մի շարք որոշումներով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության ծախսերն արդեն ավելացվել են 60 մլն դրամով։
Պաշտոնական գործուղումներին ուղղված բյուջետային հատկացումների ավելացումը կազմել է 430 մլն դրամ։ Այսինքն` ավելի շատ, քան ի սկզբանե նախատեսված է եղել։
Ըստ այդմ, այս երկու ուղղություններով նախապես հաստատված 550 մլն դրամը արդեն դարձել է 1 մլրդ 40 մլն դրամ։ Ու դա ևս, պարզվում է, չի բավարարում։ Հաշվի առնելով արդեն իսկ ձևավորված պարտավորությունները` այն կավելացվի ևս 290 միլիոնով։
Արդյունքում արտասահանման պատվիրակությունների ընդունելության և պաշտոնական գործուղումների ծախսերը կհասնեն 1 մլրդ 330 մլն դրամի` ի սկզբանե նախատեսված 550 միլիոնի փոխարեն։
Աղբյուր` Փաստինֆո
0Comments