ԱՄՆ-ի Քոլդ Սփրինգ Հարբորի լաբորատորիայի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ քաղցկեղի այնպիսի տեսակը, ինչպիսին է սուր միլոիդային լեյկոզը, կարող է զարգանալ երկու արատավոր բջջի մուտացիայի հետևանքով: Այս մասին գրում է iz.ru-ն՝ հղում անելով MedicalXpress-ին:
Պրոֆեսոր Ադրիան Քրեյների խոսքով՝ արյան քաղցկեղի կարող է հանգեցնել IDH2 և SRSF2 գեներում տեղի ունեցած մուտացիան: Դրանցում տեղի ունեցած պաթոլոգիական գործընթացները թույլ չեն տալիս ոսկրածուծի բջիջներին վերածվել էրիթրոցիտների ու լեյկոցիտների, որոնք հարկավոր են օրգանիզմին չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի համար:
Ավելի վաղ գիտնականները ենթադրում էին, որ այս գեներն ազդում են քաղցկեղի միայն ախտանշանների վրա, սակայն վերջին հետազոտություններն ապացուցել են, որ դրանց փոփոխությունը կարող է դառնալ օնկոլոգիական հիվանդության զարգացման պատճառ:
Ինչպես նշում է Քրեյները, այժմ գիտնականները փորձում են մշակել որևէ մեթոդ, որը կօգնի պայքարել սուր միլոիդային լեյկոզի դեմ: Մասնագետները ենթադրում են, որ այս գեների աշխատանքի արգելակումը կօգնի հասնել դրական արդյունքի:
0Comments