Նա պետք է հետևություններ անի. Արսեն Թորոսյանը՝ Դավիթ Սանասարյանին

Իմ ցուցմունքները կեղծ չեն և հիմնված են իմ տիրապետած ինֆորմացիայի վրա

Ես հայտնել եմ այն, ինչը կարող եմ ասել հիմա: Ես ինձ հայտնի տեղեկությունները հայտնել եմ համապատասխան մարմիններին, որպեսզի նրանք տան համապատասխան իրավական գնահատական: Իրավական գնահատականներ տալու լիազորություն ու ցանկություն ես չունեմ: Այս մասին լրագրողներին հայտնել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով Դավիթ Սանասարյանին, ով իրեն մեղադրել էր կեղծ ցուցմունք տալու մեջ. «եթե գործում հիմք կա մեղադրանք առաջադրելու, մեղադրանք հանելու և այլնի վերաբերյալ, դա որոշում են համապատասխան մարմինները»:

Ինչ վերաբերում է հայտարարությանը, թե ես կեղծ ցուցմունք եմ տվել, ապա կարող եմ ասել, որ իմ ասածները կարող են ստուգել, կամ դրանց տալ իրավական գնահատական, եթե դրանք կեղծ են»,-ասել է Թորոսյանը:

Ինչ վերաբերում է Սանասարյանի խոսքերին, թե տպավորություն կա, որ Թորոսյանի ու Ադյանի ցուցմունքները նույն սենյակում են գրվել, նախարարը նշել է, որ Ադյանին անձամբ չի ճանաչում, երբեք չի տեսել, տեղյակ չէ, թե ինչ ցուցմունք է վերջինս գրել. «Ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը: Եթե որևէ հայտնի ինֆորմացիայի կամ գործողության մասին տրվել են նմանատիպ ցուցմունքներ, դա նույնպես հիմք է համապատասխան մարմինների համար որոշում կայացնելիս»:

Արսեն Թորոսյանի կարծիքով, նորմալ պրակտիկա է, որ ստացված տեղեկատվությունը պետք է համակողմանի ստուգվի, ուստի ինքը մտավախություն չունի, թե իր ասածների համար ինչ-որ խնդիր կարող է ունենալ. «Իմ ցուցմունքները կեղծ չեն և հիմնված են իմ տիրապետած ինֆորմացիայի վրա»:

Թորոսյանը նաև նշել է, որ ի տարբերություն Սանասարյանի, չի կարեկցում վերջինիս. «Նա պետք է հետևություններ անի վերջին առնվազն կես տարվա գործողություններից իր ապագան պլանավորելու գործում»: