ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի խոսքով՝ այսօր Նիկոլ Փաշինյանը խիտ գրաֆիկ ունի, այդ պատճառով էլ չի կարողանալու հանդիպել Կառավարության շենքի մոտ բողոքող՝ զոհված զինծառայողների ընտանիքների հետ։
«Ես հիմա կճշտեմ, թե ով է ավելի հարմար կամ ով է ավելի լավ տեղեկացված այդ հիմնադրամի գործունեությանը և հասանելիությանը, եթե համապատասխան պաշտոնյա լինի, նա կհանդիպի բողոքողների հետ, եթե ոչ, ապա ես նրանց կմոտենամ»,- Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի խոսնակը։
Անդրադառնալով ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստին, որի վերաբերյալ Վ. Կարապետյանն օրերս ասել էր, որ դեռ պետք է ճշտել, թե այն ով է գրել, ասաց, որ Վանեցյանն ինքն է հաստատել, որ հրաժարականի տեքստն ինքն է գրել։
Հարցին՝ համարո՞ւմ եք, որ Արթուր Վանեցյանը նախկին իշխանությունների կողմնակիցներից է, նա պատասխանեց, որ դրա հետ կապված Վանեցյանն արդեն տվել է մեկնաբանություն։
«Ուզում եմ պարզապես այդ օրվա կոնտեքստը հիշել, երբ վարչապետը՝ այսպես խնայողաբար բառերին մոտենալով, խոսում էր այն իրավիճակի մասին, որ ստեղծվել էր իր և իր ենթակայի միջև, և ակնարկում էր, որ կա փոխադարձ համաձայնություն։ Դրանից հետո առերեսվել այն հայտարարությանը, որն արեց Վանեցյանը, կարծում եմ՝ անսպասելի էր թե՛ իր, թե՛ իր թիմի ներկայացուցիչների համար»,- նշեց վարչապետի խոսնակը։
Ա. Վանեցյանի հետ կապված այլ հարցերի Վլադիմիր Կարապետյանը չպատասխանեց՝ նշելով, որ ինքը վարչապետի խոսնակն է, և Վանեցյանն այսօր որևէ քաղաքական պաշտոն չի զբաղեցնում։
0Comments