«Արթուր Վանեցյանի հրաժարականը, անկասկած, կնվազեցնի իշխանության վարկանիշը։ Վերջինս այն պաշտոնյաներից էր, ով վարկանիշային առումով բավականին լավ էր ազդում իշխանության վրա»,-«Ժամանակ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։
Մեր այն դիտարկմանը, թե վարչապետի խոսնակի մեկնաբանությունն ու Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստի բովանդակությունը վկայում են, որ փաստորեն ուժային կառույցի և վարչապետի միջև եղել են տարաձայնություններ, քաղաքագետն արձագանքեց. «Այս գործընթացը ցույց տվեց, որ, այո՛, տարաձայնություններ կան։ Դրանք կարող են լինել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին որոշ հարցերի մոտեցումների շուրջ։ Սա իհարկե ռիսկային է իշխանության ամբողջականության պահպանման առումով, բայց մյուս կողմից էլ՝ պետք է նշել, որ իշխանությունն այսօր չունի լուրջ ընդդիմություն։
«Լուսավոր Հայաստանը», «Բարգավաճ Հայաստանը» չեն կարողանում մոբիլիզացնել հասարակության այն հատվածը, որը նախկինների հետևից չի գնա և միևնույն ժամանակ էլ տարակարծություններ կունենա նոր իշխանությունների հետ։ Պետք է նշել, որ կա հավանականություն, որ իշխանության այս ճեղքումը կբերի հենց իշխանության ներսից ընդդիմության առաջացման, որի հավանականության մասին ես խոսել եմ հեղափոխությունից անմիջապես հետո»։
Ռոբերտ Ղևոնդյանը հնարավոր է համարում, որ քաղաքական դաշտի որոշակի բաժանում լինի, որտեղ որոշակի տեղ կունենան Վանեցյանը և բոլոր նրանք, ովքեր այսօր իշխանամերձ ուժեր են, բայց ժամանակի ընթացքում իշխանության հետ կունենան տարաձայնություններ։
Ինչ վերաբերում է մամուլի այն տեղեկություններին, որ կլինեն ուժային այլ կառույցների ղեկավարների հրաժարականներ, և որոշ պատգամավորներ մանդատները վայր կդնեն, մեր զրուցակիցն ասաց. «Դրանք առայժմ միայն խոսակցություններ են, չունենք ինֆորմացիա՝ այդպես կլինի, թե ոչ։ Այնուամենայնիվ, իշխանությանը վարկանիշ բերող ամենալուրջ պաշտոնյաներից մեկի հրաժարականը բնականաբար որոշակի չափով նվազեցնելու է իշխանության վարկանիշը։ Այստեղ շատ կարևոր նշանակություն կունենա, թե ով կնշանակվի Արթուր Վանեցյանի փոխարեն, և ինչպիսի հանրային արժեք կունենա այդ նշանակումը, կոնկրետ տվյալ անձն ինչպիսի հանրային դեմք կլինի: Ըստ դրա՝ պարզ կլինի, թե իշխանությունը որքանով է կորցնում։ Բայց այն, որ իշխանությունը կկորցնի այս վերադասավորումից, ակնհայտ է։ Ցանկացած դեպքում, երբ թիմում ամենաուժեղ խաղացողը դուրս է գալիս, և նրա փոխարեն գալիս է համարժեք ուժեղ խաղացող, միևնույն է՝ փոխըմբռնման, որոշակի վստահության առումով ժամանակ է հարկավոր։ Իշխանությունը նույնպես թիմային գործողություն է, և այս դեպքում ժամանակ է պետք, որպեսզի ամբողջականությունը վերականգնվի։ Բայց այս պահին կարճաժամկետ հեռանկարում իշխանությունը որոշակիորեն կկորցնի»։
Խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու՝ «Լուսավոր Հայաստանի» առաջարկը, որի համաձայն՝ ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ կարող են նշանակվել բոլոր այն անձինք, որոնք բավարարում են պատգամավորի թեկնածուին ներկայացված պահանջներին: Նախագծով առաջարկվում է Ոստիկանության պետի և Ազգային անվտանգության տնօրենի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից՝ ներառելով դրանք քաղաքական պաշտոնների անվանացանկում:
Ղևոնդյանը, անդրադառնալով նախագծին, նշեց. «Ես ընդհանրապես կողմ էի «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած կառավարման մոդելին, որի համաձայն՝ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը հաշվետու կլինեն խորհրդարանին, քանի որ մենք Սահմանադրությամբ խորհրդարանական պետություն ենք։ Սակայն այս իրավիճակում սա չարիքից փոքրագույնն է, և հնարավորություն է ստեղծվում վարչապետի միահեծան իշխանությունը որոշակիորեն թուլացնելու։ Այս առումով եթե ուժային կառույցները անմիջականորեն ենթարկվում են վարչապետին, այսինքն՝ այն, ինչ այսօր ունենք, ապա քաղաքական պաշտոնի նշանակումն իրականացնում է վարչապետը։ Այս դեպքում մենք ունենք որոշակի քաղաքական հաշվետվողականություն, որը նախկինում չկար։ Գոնե այն ուժերը, որոնք ներկայացված են Ազգային ժողովում, կկարողանան ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարներից հաշվետվություն պահանջել, որը նախկինում հնարավոր չէր, որովհետև այդ մարդիկ կարող էին պարզապես ասել, որ իրենք հրաման են կատարում։ Այս փոփոխությունից հետո դա այլևս արդարացում չի կարող համարվել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
0Comments