Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ այսօր՝ սեպտեմբերի 13–ին որոշում կայացրեց բավարարել Քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը և կալանավորելու որոշում կայացնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ փողերի լվացման մեջ մեղադրվող Լևոն Սարգսյանի նկատմամբ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետ Նաիրա Հարությունյանը։ Այսպիսով, ստացվում է, որ երկու տարբեր քննչական մարմիններում քննվող քրեական գործերով նրա նկատմամբ կալանքի երկու որոշում է կայացվել։
Բանն այն է, որ ՀՔԾ–ում դեռեւս մեկ տարի առաջ հարուցված քրեական գործով, որի շրջանակներում Լեւոն Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի հարստացման եւ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ, նրա նկատմամբ արդեն իսկ դատարանը կալանավորման որոշում էր կայացրել։
Իսկ օրեր առաջ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման եւ իրագործման գործընթացում թույլ տրված առերեւույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Լևոն Սարգսյանը և «Պոլիտրանսպորտ» ընկերության սեփականատերեր Սուրեն եւ Գեւորգ Վարդանյանները որպես մեղադրյալ են ներգրավվել։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա որոշում է կայացվել Լյովա Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերի գույքն օրինականացնելը՝ փողերի լվացում) եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը) եւ որոշում կայացվել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Հավելենք, որ ներկայումս տարբեր քրեական գործեր են քննվում նաեւ Լևոն Սարգսյանի որդու եւ դուստր` Նարեկ եւ Անի Սարգսյանների, ինչպես նաև Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի եւ նրա որդիների մասով։
0Comments