Գոշ գյուղում վթարի ենթարկվածները հիմնականում թեթեւ վնասվածքներ են ստացել

Գառնիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վարդան Մարտիրոսյանը նշեց, որ համայնքապետը մեքենա է տարել, որպեսզի վիրավորներին հետ բերի գյուղ

Գոշ գյուղի տարածքում վթարի ենթարկված ПАЗ մակնիշի ավտոբուսում երեխաներ չեն եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գառնիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վարդան Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ Գառնիի համայնքապետը մեքենա է տարել, որպեսզի վիրավորներին հետ բերի գյուղ:

Մանկապարտեզի աշխատակիցները հիմնականում թեթև վնասվածքներ են ստացել, մեկ հոգի գլխուղեղի ցնցում եւ կոտրվածքներ: Նրանք այս պահին հետազոտվում են:

Աշխատակազմի ղեկավարն ասաց, որ կոլեկտիվը էքսկուրսիայի էր մեկնել Գոշավանք, սակայն այդպես էլ տեղ չէին հասել:

Նշենք, որ վթարի հետևանքով 18 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Դիլիջանի հիվանդանոց։

Տավուշ ԲԿ-ից էլ հայտնեցին, որ վթարից տուժածների այս պահին հետազոտվում են, լուրջ վնասվածքներ նրանք չեն ստացել:

Ավելի վաղ՝ NEWS.am-ը ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացել էր, որ այսօր՝ օգոստոսի 3-ին, ժամը 13:00-ին Դիլիջան-Գոշավանք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ըստ նախնական տեղեկության՝ 8 հոգի էր հոսպիտալացվել Դիլիջանի ԲԿ: