Արարատում 20-ամյա աղջիկը փախել է համագյուղացու հետ, ապա` մտքափոխվել ու նրան մեղադրել իրեն առեւանգելու մեջ

Նախաքննական մարմինն աղջկան մեղադրանք է առաջադրել` երիտասարդներին ծանր հանցագործության մեջ մեղադրելու վերաբերյալ սուտ մատնության համար ու քրեական գործն ուղարկել դատարան

Արարատում ամբաստանյալի աթոռին է հայտնվել 20-ամյա աղջիկը` իրեն առեւանգելու վերաբերյալ սուտ մատնություն անելու համար:

Նախաքննության վարկածով` աղջիկը համակրել է համագյուղացուն ու սկսել շփվել նրա հետ: 2018 թվականի սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11:00 սահմաններում, հանդիպել է նրան, նստել վերջինիս հորաքրոջ որդու վարած «Ֆոլկսֆագեն Գոլք» մակնիշի ավտոմեքենան եւ ամուսնանալու նպատակով նշված ավտոմեքենայով տղայի հետ գնացել նրա ընկերոջ տուն: Նույն օրը՝ երեկոյան, աղջիկը մտքափոխվել է, հիշել, որ տղան խոսում է կակազելով, և 2018թ. սեպտեմբերի 7-ին՝ ժամը 01:00 սահմաններում, իր հորեղբոր ուղեկցությամբ վերադարձել հայրական տուն: Ապա` ոստիկանությունում հաղորդում ներկայացրել, թե, իբր, իրեն առեւանգել են իր կամքին հակառակ:

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` նախաքննական մարմինն աղջկան մեղադրանք է առաջադրել` երիտասարդներին ծանր հանցագործության մեջ մեղադրելու վերաբերյալ սուտ մատնության համար ու քրեական գործն ուղարկել դատարան: