Օրերս ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, հյուրընկալվելով հեռուստաընկերություններից մեկին, նշել էր, որ «14 ամսվա ընթացքում՝ ժամանակին մերժված իշխանությունը դառնում է պահանջված»: Այսօր ունենք այնպիսի իրավիճակ, որ մերժված իշխանության վարկանիշն օրըստօրե փաստացի աճում է: Ինչպես օրեր առաջ IRI-ի հարցումներից հայտնի դարձավ, ՀՀԿ-ն ներկայումս հանրության շրջանում իր վարկանիշով զբաղեցնում է երրորդ տեղը:
Որքան էլ այս հանգամանքի հետ դժվարությամբ է համակերպվում ողջ իշխանական բուրգը և, հատկապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, դա են վկայում միջազգային հեղինակավոր կազմակերպության հարցման արդյունքները:
Եթե դիտարկենք օբյեկտիվ տեսանկյունից, ապա գրեթե բոլոր մասնագիտական ոլորտներում՝ արտաքին հարաբերություններ, անվտանգություն, դատաիրավական համակարգ, կրթության ոլորտ, ՀՀԿ-ական բանիմաց որոշ կադրերի պակասը նկատվում է ակնհայտ: Նախկին իշխանությունների կադրային և փորձի պակասը նկատվում է նաև օրենսդիր մարմնում, որտեղ գործող իշխանություններն իրական «Երալաշ» են սարքել. ԱԺ նիստերին հետևելիս շատ հաճախ այնպիսի տպավորություն է, ասես գործ ունենք մանկապատանեկան խմբակի հետ: Խորհրդարանական դիվանագիտությանը և պատվիրակության կազմերին նայելիս՝ ոչ մի պրոֆեսիոնալ ու լուրջ մասնագետի չես հանդիպում: Անընդհատ անհայտ օրակարգերով ու բովանդակազուրկ, արտասահմանյան՝ միլիոնների հասնող «վոյաժներ», ու «թավշյա հեղափոխության» աննախադեպության մասին ամպագոռգոռ հայտարարություններ։ Ահա այն, ինչին ականատես ենք լինում վերջին 14-15 ամիսների ընթացքում:
Իր վերջին հարցազրույցում Փաշինյանի հիմնական թիրախը դարձյալ ՀՀԿ-ն էր ու Սերժ Սարգսյանը, ում ստվերի դեմ Փաշինյանը շարունակում է պայքարել՝ ինչպես ընդդիմադիր եղած ժամանակ: Նա բառացիորեն յուրաքանչյուր դրվագում փորձում է խոշորացույցով փնտրել ՀՀԿ-ականների հետքն ու դրա մասին բողոքել հանրության առաջ: «Ժողովրդի» վարչապետը գտել է իր ձախողումների դասական արդարացման ոսկե բանաձևը՝ «այդ ամենը գալիս է նախկին իշխանություններից», կամ՝ «սա քրեաօլիգարխիկ հանցավոր ռեժիմի ձեռքի գործն է»: Իհարկե, այս ամենը լուրջ ու ադեկվատ չէ:
Ավելին, իշխանությունների աչքն այն աստիճան է վախեցած, որ անգամ Իջևանում տեղի ունեցած ակնհայտ սոցիալական դժգոհության ալիքի մեջ որոշ իշխանամերձ շրջանակներ փորձում են փնտրել ՀՀԿ-ի հետքը:
Իշխանափոխությունից հետո ՀՀԿ-ն, իհարկե, մեծ կորուստներ ունեցավ. կուսակցության շարքերը լքեցին բազմաթիվ ազդեցիկ մարդիկ՝ հիմնականում օլիգարխիկ թևից և տեղական հեղինակություններից, սակայն կուսակցությունը, այնուամենայնիվ, պահպանեց իր քաղաքական կորիզը, ոչ միայն պահպանեց, այլև չփոշիացավ և չվերացավ քաղաքական արենայից (ժամանակին՝ ՀՀՇ-ի դեպքում, տեղի ունցավ հակառակը):
Ավելին՝ ՀՀԿ-ն այսօր այդ պլացդարմն ամրապնդել է ու ակնհայտորեն օգտվում է գործող իշխանությունների յուրաքանչյուր ձախողումից ու բացթողումներից՝ փորձելով ամրապնդել իր քաղաքական կապիտալը: Հատկանշական է փաստել, որ խոսքն այստեղ բացարձակ ռևանշի մասին չէ, քանի որ ռևանշն այս դեպքում օբյեկտիվորեն հնարավոր չէ, սակայն քաղաքական Օլիմպոսի վրա սեփական դիրքերն ամրապնդելու ՀՀԿ-ի ռազմավարությունը (այդ թվում՝ նոր դեմքերով, կադրերով), բնական է, հանգիստ չի տալու գործող իշխանություններին:
Առհասարակ, որևէ քաղաքական ուժի, բևեռի ակտիվ գործունեությունը թիրախավորվելու է։ Այնպես որ, չի բացառվում՝ հատկապես հանրապետականների և այլ քաղաքական ուժերի ուղղությամբ նոր հարվածների շարք սկսվի՝ բոլոր հնարավոր հետևանքներով:
ԱՐՄԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ
168.am
0Comments