Ներկայում իրավիճակը վրաց-ադրբեջանական սահմանի այն հատվածում, որտեղ գտնվում է Դավիթ Գարեջայի վանական համալիրը, որտեղ տեղի է ունեցել բախում տեղի բնակչության եւ ադրբեջանցի սահմանապահների միջեւ, հանգիստ է։ Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության պետի տեղակալ Թեյմուրազ Կուպատաձեն ադրբեջանական կողմի հետ բանակցությունների ավարտից հետո, տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
Կուպատաձեի խոսքով՝ առաջիկայում ուխտագնացները եւ զբոսաշրջիկները կկարողանան ազատ գալ այստեղ, որտեղ կիրակի տեղի էր ունեցել բախում տեղի բնակչության եւ ադրբեջանական սահմանապահների միջեւ, Ուդաբնո վանքի կողմում։
«Դիտարկել ենք այն շրջանը, երբ գործելու է արգելքն այդ չհամաձայնեցված տարածքում։ Դա կլինի մի քանի օր եւ առաջիկա օրերին կբացվի. իրավիճակը կվերադառնա նախկին ռիթմին։ Քաղաքացիները, ուխտագնացները եւ զբոսաշրջիկները կկարողանան ազատ գալ այստեղ, որտեղ չէին կարող գալ մինչեւ երեկ»,- ասել է Կուպատաձեն լրագրողներին։
Ինչ վերաբերում է միջադեպին, Կուպատաձեի խոսքով՝ կիրակի տեղի բնակիչները բարձրացել են վիճելի տարածք, որտեղ եղել են վրացի եւ ադրբեջանցի սահմանապահները։ Նրանք վիրավորական արտահայտություններ են արել, ինչին հետեւել է ոչ մեծ միջադեպը։
«Վրացի սահմանապահների միջամտության արդյունքում իրավիճակը ժամանակին լիցքաթափվել է։ Հիմա խաղաղ իրավիճակ է»,- նշել է Կուպատաձեն։
Ավելի վաղ Դավիթ Գարեջա վանքում աշխատող ուղեվարն ասել էր, որ կոնֆլիկտի պատճառ է դարձել այն, որ ադրբեջանցի սահմանապահները սկսել են սրբապատկերներն առանց թույլտվության տանել համալիրի եկեղեցիներից մեկից։ Դա էլ առաջ է բերել տեղի բնակիչների բողոքը։
«Վրաստանի ՆԳՆ-ն հանրությանը եւ երկրի բոլոր քաղաքացիներին կոչ է անում չտրվել սադրանքներին, որպեսզի սահմանագծող հանձնաժողովը հնարավորություն ունենա շարունակել աշխատանքը խաղաղ իրադրությունում»,- նշել է Կուպատաձեն։
Նա նաեւ նշել է, որ ադրբեջանական կողմը սրբապատկերները տարել է խցերից, որպեսզի կանխի դրանց վնասումը։ «Նրանք ասել են, որ սրբապատկերները կարող էին վնասվել եղանակի փչանալու պատճառով, քամուց ու անձրեւից, եւ որպեսզի իրենց հասցեին մեղադրանքներ չլինեին, որ դրանք վնասվել են, սրբապատկերները տարել են Հարության վանք եւ հանձնել մեր սահմանապահներին»,- ասել է Կուպատաձեն։
Այնինչ, այսօր Բաքվում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն. ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, դա տեղի է ունեցել հենց վանական համալիրի միջադեպի պատճառով։
«Ափսոսանքով նշում ենք, որ նման գործողությունները հակասում են Ադրբեջանի եւ Վրաստանի ռազմավարական գործընկերության ոգուն, եւ դա գնահատում ենք որպես սադրանք՝ ուղղված երկու երկրների միջեւ դիմակայության ստեղծմանը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարությունում։ Բաքվում կոչ են արել, որպեսզի Թբիլիսին հետաքննի միջադեպը եւ համապատասխան միջոցներ ձեռնարկի։
Ինչպես հայտնի է, իրավիճակը Դավիթ Գարեջա վանական համալիրի շուրջ սրվել է ապրիլի վերջին, երբ ադրբեջանցի սահմանապահները մի քանի օրով փակել են վրացական Ուդաբնո վանք տանող ճանապարհը, որը գտնվում է սահմանի վիճելի հատվածում։ Այդ ժամանակ ճանապարհը բացել էին ԱԳՆ մակարդակով բանակցություններից հետո, բայց վրաց հասարակությունը դեռ երկար է քննարկել այս ցավոտ հարցը։
Սահմանազատման եւ սահմանագծման համատեղ հանձնաժողովի աշխատանքի վերսկսումից անմիջապես հետո Ադրբեջանն սկսեց ճանապարհ գցել դեպի Դավիթ Գարեջա։ Բանակցություններից հետո երկրորդ օրը հատուկ տեխնիկան կանգնեցրին, բայց այդ ընթացքում ճանապարհն արդեն գրեթե գցված էր, գրում է news.am:
Վրաստանի իշխանություններն իրենց հերթին բնակչությանը կոչ են արել ձեռնպահ մնալ հուզական գնահատականներից եւ երկու երկրների իշխանություններին ժամանակ տալ բանակցելու հանգիստ միջավայրում։
Դավիթ Գարեջա համալիրի՝ Ադրբեջանի ենթակա հատվածը, այդ թվում Ուդաբնո վանքը, գտվում է լեռան հարավարեւմտյան ստորոտում։
0Comments