Չի կարելի բռնաբարել լրագրողական էթիկան. Կ. Տեր-Նակալյան

Պետք է առաջին հերթին ձերբազատվել ակտիվիստ-լրագրող երևույթից

 

Կոնստանտին Տեր-Նակալյանի գրառումը.

Ինչպես հաճախ է լինում նման դեպքերում, փորձ է արվում լրագրողին դարձնել սուրբ կով, իսկ աշխատանքից ազատող խմբագրին` բոբո:

Այսպես ասեմ. ես էլ՝ լինելով գլխավոր խմբագիր, Narek Galstyanի տեղը իսկույն աշխատանքից կհանեի նման վարքագիծ դրսևորած լրագրողին, իսկ նրա վարքագծի մասին խոսում եմ որպես ականատես: Զուտ մի քանի դրվագ.

1. Մալյանին հարցնում է` հիմնավոր փաստեր ունե՞ք, որ կառավարության ամենաբարձր էշելոնները Սորոսից են հրահանգ ստանում Հայաստանը ապակայունացնելու համար։ Մալյանն ասում է, որ հիմա կասեմ մի փաստ՝ Ոստիկանության՝ այստեղ գտնվելը։ Այլ փաստեր էլ ունեմ, բայց հիմա այս փաստն եմ ասում։ Որ Մալյանը էս հարցում փաստեր ունի՝ անկասկած է։ Ի վերջո՝ իր չափ սքրիներ, այդ թվում՝ գրանտային ծրագրերի ու դրանք ստացողների, երևի սկի ԱԱԾ-ում չունեն։ Գիտե՞ք ինչպես արձագանքեց այս պատվելի լրագրողը Մալյանի պատասխանին։ Մոտավորապես ցիտեմ․ «Այսինքն՝ փաստեր չունեք», և սա ոչ թե հարցադրում էր, այլ պնդում։

2․ Թե՛ Մալյանի, թե՛ Անինայի, թե՛ ակցիայի այլ մասնակիցների հետ շփվելիս, սույն լրագրողը հաճախ թույլ էր տալիս ոչ կոռռեկտ հարցադրումներ, որոնք ոչ թե պատասխան էին ենթադրում, այլ մարդուն վիրավորելու ու ընկճելու միտում ունեին։ Օրինակ Անինայի դեպքը, որին բառացիորեն հենց հոդվածում է նշում ինչ հարց է տվել․․․ Եվ դա այն պարագայում, որ Անինան իր մեղքը չի ընդունել և որքանով տեղյակ եմ՝ ՄԻԵԴ է դիմել իր դատավճռի օրինականության գործով։

3․ Սույն լրագրողը ինչ-որ պահից արդեն անցել էր անձնական պիտակավորումների ու լեզվակռվի։ Մասնավորապես, ակցիայի այն մասնակցին, որի խոսքը երեկ դրոշակ էին սարքել, երբ ասել էր, որ այդ լրագրողի հետ խնդիր ունի և ադ խնդիրը լրագրողի երկար լեզուն է, հենց հայտնի տեսագրության մեջ պատվելի լրագրողը ասում է «Ես պարզապես խղճում եմ Ձեզ»։

Եվ սա միայն այն դրվագներն են, որոնց ակնատեսը ինքս եմ եղել ու/կամ կարելի է գտնել բաց աղբյուրներում։ Լրագրողական էթիկայի ևս մի կանոն կա․ երբ դու ֆրիլանս չես անում, այլ ներկայացնում ես խմբագրություն, դու ՊԱՐՏԱՎՈՐ ես հաշվի նստել խմբագրական քաղաքականության հետ։ Եթե այն սրտովդ չէ, ապա մի աշխատիր այդ խմբագրությունում, իսկ տվյալ խմբագրության քաղաքականությունը առավել քան հավասարակշռված է ու դեռ հարց է, թե պռոիշխանական օրակարգը ավելի քիչ տեղ ունի 24news-ում, թե՞ «հակահեղափոխականը»։ Ամենայն անկեղծությամբ եմ ասում, որ ես միայն այս հոդվածից իմացա, որ սույն լրագրողը ոչ թե 1in.am-ից էր, կամ էլ՝ Ազատությունից, այլ՝ 24news-ից և իմանալուց խիստ զարմացա։

Ի՞նչ ունենք արդյունքում․ լրագրող, որին խմբագրությունն ուղարկել է ցույց լուսաբանելու, իսկ նա որոշել է, որ ինքը իր հակընդդեմ մինի-ցույցը պետք է անի, կազմակերպիչներին ու մասնակիցներին կծմծի ու նեղացնի, սուբյեկտիվ գնահատականներ տա, այդ ամենն անի ուղիղ եթերում և դա անի՝ հակասելով իր ներկայացրած կառույցի խմբագրային քաղաքականությանը։ Արդյունքում իրեն ազատում են աշխատանքից ու հիմա սույն լրագրողը դիրքավորվում է, որպես իր հայացքների համար հալածանքների ենթարկվող զոհ։

Ո՛չ, սիրելիներս ու կրկին անգամ ո՛չ։ Երեկ գրել էի, մի անգամ էլ կրկնեմ․ չի կարելի բռնաբարել լրագրողական էթիկան ու հետո սուրբ կով դարձնել լրագրողի կոչումը։ Եթե ուզում ենք ունենալ առողջ մեդիա դաշտ ու առողջ լրագրություն, ապա պետք է առաջին հերթին ձերբազատվել ակտիվիստ-լրագրող երևույթից։ Եթե ուզում ենք, որ լրագրող ասվածը հարգանք ու պատկառանք առաջացնի, ապա առաջին հերթին լրագրողները պետք է սրբության սրբոց դարձնեն լրագրողական էթիկա ասվածը, ոչ թե կեղծ ֆետիշ սերմանեն ու փայփայեն դա։

Ու եթե պատրաստվում եք հարձակվել վրաս, որ ես մասնագիտական էթիկա չեմ պահում և լրագրողին չեմ զորակցում, ապա երիցս սխալ եք, որովհետև ես հենց դա էլ անում եմ ու օբյեկտիվ փաստերից ելնելով զորակցում եմ իմ կոլլեգա գլխավոր խմբագրին, որը միանգամայն հիմնավորված պատճառներով աշխատանքից ազատել է լրագրողին ոչ հարիր վարք ցուցաբերած սույն անձին։