Մարդիկ եկել են աշխատատեղ խնդրելու, մուրացկանություն չեն անում

Ալեն Սիմոնյանի նախագիծը ստանում է մի դրական եզրակացություն, որը աբսուրդ է

Մարդիկ եկել են աշխատատեղ խնդրելու, մուրացկանություն չեն անում, չեն ուզում նստել պետության վզին ու դառնալ նպաստառու, ընդամենը պահանջում են օբյեկտիվ մոտեցում: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ, news.am-ի հետ զրույցում ասաց «Գուդվին-ԲԵՏ» ՍՊԸ-ի տնօրեն Սարգիս Միքայելյանը:

ՍՊԸ-ի տնօրենն ասաց, որ իրենք պատրաստ են գազալցակայաններից հանել խաղերի էլեկտրոնային սարքավորումները, բայց իրենք պահանջը օբյեկտիվ մոտեցումն է. «Բայց եկեք եւ տեսեք, որ մայիսի 23-ին, Ալեն Սիմոնյանի նախագիծը ստանում է մի դրական եզրակացություն, որը աբսուրդ է: Հստակ խախտվում է լիցենզավորման մասին օրենքը այն դրույթով, երբ տնտեսական հարցերի հանձնաժողովում հնչեցվում է, թե էլեկտրոնային սարքավորումներով կազմակերպվող վիճակախաղերը օրենքի ընդունումից տասնօրյա ժամկետում պետք է կասեցվեն. դա կոպիտ խախտում է: Մեր պահանջն է՝ առաջին հերթին չխախտել օրենքը, երկրորդ, ստեղծել հնարավորություն, որ յուրաքանչյուր ընկերություն իր ունեցած արտադրանքով կարողանա աշխատել 1,5 տարի, եւ հետագայի համար ճանապարհ հարթել, խոստանալ ժողովրդին, որ կստեղծվեն նոր աշխատատեղեր, կլինեն ներդրումներ այլ ֆորմատով կամ ուրիշ ոլորտներում»,-  ասաց Միքայելյանը:

Նա հավելեց, որ  եթե փակում են խաղատները, ապա թող բոլորը փակեն. «Բերում ենք մի ականջահաճո նախագիծ, որը սպասարկում է մեկ ընկերության շահը: Ժողովրդին ստիպում են, որ գնան արտերկիր գողություն անեն կամ մնան երկրում ու դառնան նպաստառու. էտպես հարց չեն լուծում»,- ասաց տնօրենն ու ավելացրեց, որ նախագծի հեղինակ Ալեն Սիմոնյանի հետ որեւիցե քննարկում չեն ուզում ունենալ:

«Մենք գրություն ենք ուղարկել ՀՀ վարչապետին, բայց նա դեռ չի նայել այդ խնդիրը: Կարծում ենք, որ դա միայն ժամանակի խնդիր է: Մենք Արարատ Միրզոյանին ուզում ենք լուծումներ առաջարկել, որոնք քննարկված եւ որոշված են մեր կողմից: Այդ լուծումները կկարգավորի եւ խաղամոլությունը, եւ մարդկանց հնարավորություն կտա անցնցում տեղափոխվել այլ գործունեության»,- ասաց ՍՊԸ-ի տնօրենը: