Ջիվան Աբրահամյանի հետ կապված դեպքը ՀՀ իրավապահների իրավասության տիրույթում է

ՀՀ ոստիկանության կողմից տարածված տեղեկատվության համաձայն` Ջ. Աբրահամյանը բերման էր ենթարկվել հիշյալ հայտարարություններում հանցագործության հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով ոստիկանության կողմից ձեռնարկվում են քրեադատավարական միջոցառումներ

Հանրահավաքի ժամանակ Ջիվան Աբրահամյանի հետ կապված դեպքը ՀՀ իրավապահների իրավասության տիրույթում է, քանի որ այն կատարվել է ՀՀ-ում: Այս մասին նշված է Արցախի Հանրապետության դատախազության հաղորդագրության մեջ:

«ՀՀ Երևան քաղաքի Ազատության հրապարակում 25.05.2019թ. տեղի ունեցած հավաքի ընթացքում հավաքի մասնակից Ջիվան Աբրահամյանի կողմից սպառնալիք պարունակող հայտարարություններ էին արվել Արցախի Հանրապետության Նախագահի հասցեին: Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տարածված տեղեկատվության համաձայն` Ջ. Աբրահամյանը բերման էր ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին, հիշյալ հայտարարություններում հանցագործության հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով ոստիկանության կողմից ձեռնարկվում են քրեադատավարական միջոցառումներ:

Նկատի ունենալով, որ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ենթադրյալ հանցագործության դեպքը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում, ուստի այն գտնվում է ՀՀ իրավապահ մարմինների իրավասության տիրույթում, և դրան արձագանքելու հնարավորությունն ու քրեադատավարական միջոցառումներ կատարելու իրավասությունը ևս պատկանում է նրանց»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Ջիվան Աբրահամյանը բերման էր ենթարկվել Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ հնչեցրած սպառնալիքների կասկածանքով: Սպառնալիքներն ուղղված էին Արցախի նախագահ Բակո Սահակյանին: