Պուտինը Երևան կբերի ռուսական պլանի մաքրագիրը

Հոկտեմբերի 1-ին Երևանում կանցկացվի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բարձրագույն խորհրդի նիստը

Հոկտեմբերի 1-ին Երևանում կանցկացվի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բարձրագույն խորհրդի նիստը, որին ի թիվս այլ պետությունների ղեկավարների կմասնակցի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց, որ այցի ընթացքում Պուտինի հետ նաև աշխատանքային քննարկում կանցկացնի:

ԵԱՏՄ-ական թեմաներով քննարկումներից, Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերից զատ, ըստ ամենայնի, Պուտինը կբերի ղարաբաղյան ռուսական պլանի «մաքրագիրը»: Մինչ այդ դեռ Մոսկվան, թերևս, կհասցնի ճշգրտել, վերջին «նշումներն» անել, ճշգրտումներ անել:

Այդ կերպ, իր այցով, Պուտինը Փաշինյանին որոշակի քաղաքական աջակցություն կցուցադրի, մյուս կողմից էլ դրա դիմաց՝ Փաշինյանից կակընկալի ղարաբաղյան կարգավորման ռուսական պլանի վերաբերյալ կոնկրետ պատասխաններ:
Մնում է հարցը, թե արդյոք Վաշինգտոնը վերջնական համաձայնություն է տվել Մոսկվայի առաջնահերթ դիրքին ու կարգավորման գործընթացում կողմերին տարբերակներ ներկայացնելու դերին:

Նկատենք, որ ընդամենը օրեր առաջ Երևան ժամանած ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան՝ Հարավային Կովկասի անվտանգային խնդիրների վերաբերյալ, ասաց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունում պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Թրամփի ադմինիստրացիան ունի հստակ մոտեցում Հարավային Կովկասի անվտանգային խնդիրների վերաբերյալ, ուշագրավ պատասխան էր տվել. «Որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության անդամ պետություններ, որի կազմում են նաև Հարավային Կովկասի պետությունները, Ռուսաստանը և ԱՄՆ-ն՝ մենք բոլորս, համաձայնել ենք այն սկզբունքի շուրջ, որ պետք է բացառվի ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, նաև համաձայնել ենք տարածքային ամբողջականության և ժողովուրդների՝ իրենց ապագան ինքնորոշելու սկզբունքի շուրջ»:

Եթե այս երեք սկզբունքի շուրջ Վաշինգտոնն ու Մոսկվան միանշանակ ու անվերապահ, անփոփոխ դիրքորոշում ունեն, ապա մնացածն, ինչպես ասում են, տեխնիկական հարց է: Մնացյալ սկզբունքները տարիներ շարունակ փոփոխվել, լրամշակվել են: 
Եթե այդ «սև գործն» անում է հիմա Մոսկվան՝ ռուսական կողմը չի ցանկանա 2016թ. կրկնություն ունենալ, երբ Հայաստանի նախորդ իշխանությունները մերժեցին Լավրովի պլանը: