Հայաստանում այս տարի առաջին անգամ կնշվի անասնաբույժի մասնագիտական տոնը

Գյուղացիներն ուզում են անասնաբուժական օգնությունը լինի ժամանակին, իսկ անասնաբուժները օգտագործեն ավելի արդի բուժման մեթոդներ

2000 թ.-ից ի վեր Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիայի ջանքերով ամեն տարվա ապրիլի վերջին շաբաթ օրը նշում են անասնաբույժի օր: Հայաստանն այս տարվանից միանում է նախաձեռնությանը՝ փոքր-ինչ շեղումով:

«Քանի որ Կառավարությունն այս տարի որոշեց քաղաքացու օր սահմանել ապրիլի վերջին շաբաթ օրը, մենք այս տարի մեր հիմնական միջոցառումները կանցկացնենք ոչ թե ապրիլի 27-ին, այլ 26-ին»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ նախաձեռնությանը միանալով՝ կնպաստեն անասնաբույժի մասնագիտության հանրայնացմանը:

ՍԱՏՄ ղեկավարի կարծիքով՝ Հայաստանում անասնաբույժի մասնագիտությունը չի կարևորվում, ավելին՝ այսօր շատ քչերն են որոշում մասնագիտանալ հենց այդ ոլորտում, մինչդեռ մեր երկիրն այսօր այս մասնագետների կարիքը շատ ունի. «Հայտնի է, որ հիվանդությունների 70 տոկոսը մարդուն փոխանցվում է կենդանուց: Իսկ համապատասխան մասնագետների կողմից կենդանու մոտ այդ հիվանդությունների ճիշտ ժամանակին հայտնաբերումը, կանխարգելումն ու բուժումը թույլ կտա մարդկանց խուսափել այդ հիվանդություններով վարակվելուց»:

ՍԱՏՄ ղեկավարի խոսքով՝ այդ հիվանդություններն ազդում են նաև կենդանիների մթերատվության և կաթնատվության վրա, հետևաբար կենդանուն ժամանակին օգնություն չցուցաբերելը կարող է բացասաբար ազդել նաև անասնապահական ոլորտի վրա:

Գեորգի Ավետիսյանը նշում է՝ անասնաբույժի մասնագիտության նկատմամբ հետաքրքրության պակասն ունի տարբեր պատճառներ՝ մտածելակերպից մինչև վարձատրություն․«Մարդիկ հիմնականում ամաչում են մասնագիտությունից։ Խորհրդային տարիներին անասնաբույժները սահմանափակվում էին գյուղի կամ ֆերմայի անասնաբույժ լինելով։ Դրանից բացի անասնաբույժների աշխատավարձն է ծիծաղելի։ 1 կովի համար ստանում են ընդամենը 104 դրամ։ Նաև սպեցիֆիկ մասնագիտություն է, շատերը չեն ուզում մտնել գոմ, կեղտի մեջ աշխատել, վնասվելու վտանգի տակ լինել»։

Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի ղեկավար Կարինա Հարությունյանը համակարծիք է գործընկերոջ հետ, հավելում է՝ անասնապահների, ֆերմերների հետ պարբերական շփումների արդյունքում պարզել են՝ գյուղական համայնքներում կա մեծ թվով անասնաբույժի կարիք.

«Գյուղացիներն ուզում են անասնաբուժական օգնությունը լինի ժամանակին, իսկ անասնաբուժները օգտագործեն ավելի արդի բուժման մեթոդներ։ Այս հարցում խնդիրն այն է, որ անասնաբույժները քիչ են, իսկ նրանց մեծ մասն էլ արդեն տարիքով է և այսօրվա նոր մեթոդներին երբեմն չեն տիրապետում, քանի որ իրենց ուսումնառության տարիներին այլ մեթոդներ են եղել»:

Կարինա Հարությունյանի խոսքով՝ գյուղական համայնքներում անասնաբույժների պակասը լրացնելու ուղղությամբ Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը տարբեր կառույցների հետ համատեղ իրականացնում է տարատեսակ ծրագրեր:

«Մեր կազմակերպությունն, աշխատելով 200 գյուղական համայնքներում աջակցել է, որ 66 անասնաբուժական կազմակերպություններ հիմնվեն, որոնք սպասարկում են 140 գյուղական բնակավայրերի: Մինչև 2020 թ. վերջը անասնաբուժական կետերի թիվը կհասնի 100-ի և ծառայությունները հասանելի կլինեն Հայաստանի 6 մարզերի 200 գյուղական բնակավայրերին: Մենք ունենք իրավիճակ, երբ գյուղացին արդեն պատրաստ է վճարել որակյալ անասնաբուժական ծառայության համար։ Հուսով ենք՝ այս նախաձեռնությունը կնպաստի ոլորտի մասնագետների թվաքանակի աճին»: