Օրեր առաջ Սահմանադրական դատարանում Վաչագան Ղազարյանի դիմումի քննության արդյունքում կայացված որոշումը հիմք ընդունելով՝ Ղազարյանի պաշտպանական կողմը, ի հայտ եկած նոր հանգամանքով պայմանավորված, առաջիկայում դիմում կներկայացնի վերջնական դատական ակտի վերանայման համար։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է Վ. Ղազարյանի փաստաբան Մհեր Հակոբյանը։
Նշենք, որ Սահմանադրական դատարանը Վաչագան Ղազարյանի դիմումի քննության արդյունքում որոշել է, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի՝ Վաչագան Ղազարյանի կողմից վիճարկվող հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանը, սակայն կոնկրետ մեկնաբանության և կոնկրետ հանգամանքների առկայության պարագայում։
Մասնավորապես, Սահմանադրական դատարանը գտել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասը և 314.3-րդ հոդվածը համապատասխանում են Սահմանադրությանը հետևյալ մեկնաբանությամբ՝
– արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքի հետադարձ ուժ ունենալու սահմանադրական սկզբունքը վերաբերում է ոչ միայն քրեական օրենքին, այլ նաև այն օրենքներին, որոնց հղում է կատարվում Քրեական օրենսգրքի բլանկետային նորմերով,
– Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած» արտահայտությունը, ենթադրում է, որ անձին ներկայացված քրեական մեղադրանքն իրավաչափ է, բացակայում են քրեական հետապնդումը բացառող, ինչպես նաև արարքի պատժելիությունը հետադարձ ուժով վերացնող հանգամանքները,
– իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքը ներառում է նաև քրեական գործի մինչդատական վարույթում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը քննելիս մեղադրյալին ներկայացված մեղադրանքի իրավաչափությունը նրա կողմից վիճարկելու իրավունքը, որը պետք է երաշխավորվի մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով վիճարկվող դրույթները դիմողի նկատմամբ կիրառվել են այլ՝ Սահմանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով»,- նշել է ՍԴ-ն։
Սահմանադրական դատարանի արձանագրմամբ՝ մեղադրյալին ներկայացված մեղադրանքի օրինականությունը հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայությունը պարզելու պարտադիր նախապայման է, որի անտեսումը կարող է հանգեցնել անձնական ազատության ոչ իրավաչափ սահմանափակման ու նաև ամրագրել, որ «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած»-ը ներառում է նաև մեղադրանքի իրավաչափությունը, որը, իր հերթին, պետք է խարսխվի քրեական հետապնդումը բացառող բոլոր հանգամանքները, այդ թվում և հատկապես՝ արարքի ապաքրեականացումը ժխտելու վրա: Նման մոտեցումը բխում է նաև ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքից:
«Հետևաբար, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության արդյունավետությունը՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի ուժով, ենթադրում է մեղադրանքի իրավաչափության պարտադիր ստուգում դատարանի կողմից՝ առանց կանխորոշելու գործի ըստ էության քննության ժամանակ պարզելու ենթակա փաստական և իրավական հանգամանքները»,- ընդգծում է ՍԴ-ն՝ արձանագրելով, որ մինչդատական վարույթի նկատմամբ արդյունավետ դատական վերահսկողությունը ենթադրում է նաև դիմողի կողմից ներկայացված՝ արարքի ապաքրեականացման մասին առերևույթ վկայող փաստերը, մասնավորապես՝ հանցագործության սուբյեկտի ենթադրյալ վերացման փաստը Սահմանադրության 72-րդ հոդվածի 3-րդ նախադասության հրամայական պահանջի շրջանակներում պատշաճ ուշադրության արժանացնելը բոլոր դատական ատյաններում՝ հատկապես հաշվի առնելով կալանավորման՝ որպես անձի անձնական ազատությանն առավել ինտենսիվ միջամտության, ծանրության աստիճանը:
ՍԴ-ն հանդես է եկել նաև կոշտ գնահատականով՝ ուղղված Վճռաբեկ դատարանին՝ նշելով, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու լիազորության պատշաճ իրականացում: Վճռաբեկ դատարանը ոչ թե հայեցողական, այլ պարտադիր ատյան է, ուստի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելը Վճռաբեկ դատարանի ոչ թե հայեցողական, այլ պարտադիր լիազորությունն է:
«Հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում վճռաբեկ բողոքը քննության ընդունելը չի կարող պայմանավորվել Վճռաբեկ դատարանի hայեցողությամբ»,- արձանագրել է ՍԴ-ն:
Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի դերին՝ Սահմանադրական դատարանն իր՝ 2007 թվականի ապրիլի 9-ի ՍԴՈ-690 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ «վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ 26 ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ՝ օրենսդրորեն նախատեսված, հստակ, և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն»:
«Սույն գործով Վճռաբեկ դատարանը, վարույթ չընդունելով դիմողի վճռաբեկ բողոքը, անտեսել է առաջին և վերաքննիչ ատյանների դատարանների որոշումների առերևույթ հակասությունն իր իսկ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին, այլ կերպ՝ կամայականորեն, առանց անհրաժեշտ հիմնավորումների շեղվել է իր արտահայտած դիրքորոշումներից, ինչը հանգեցրել է դիմողի՝ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, ինչպես նաև 61-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված իրավունքների խախտմանը»,- նշված է ՍԴ որոշման մեջ:
0Comments