Գոնե պետքարտուղարն ընդունի. ԱՄՆ-ում հրաժարվում են մասնակցել Փաշինյանի հետ հանդիպմանը. «Հրապարակ»

Մանրամասներ
ամն

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեև երեկ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում հայտարարեց, որ ԱՄՆ այցի ժամանակ նորընտիր նախագահ Թրամփի հետ հանդիպում նախատեսված չէ, սակայն մեր տեղեկություններով՝  Հայաստանի իշխանությունները բոլոր հնարավոր խողովակներով փորձել են հանդիպում կազմակերպել Թրամփի և Փաշինյանի միջև: Գործի են դրվել ողջ ԱԳՆ-ն, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, նման խնդրանքով դիմել են ԱՄՆ ազդեցիկ հայազգի հանրապետականներին և այլն: Սակայն չի ստացվել: Փորձում են գոնե նորանշանակ պետքարտուղար Ռուբիոյի հետ հանդիպում կազմակերպել:

Փաշինյանը փորձել է փաստի առաջ կանգնեցնել ամերիկացիներին և մեկնել Վաշինգտոն, ասելով`արդեն եկել եմ` ընդունեք ինձ: Առիթն էլ է գտնվել` կրոնական համաժողովը և Ազգային աղոթքի նախաճաշ կոչվող միջոցառումը, բայց սցենարը չի աշխատել: Համայնքում տարակուսած են նրա «աղոթելու» ձգտման հետ կապված, բոլորն էլ գիտեն նրա վերաբերմունքը կրոնի և եկեղեցու հանդեպ:

Բայց ինչեր չես անի աթոռը պահելու և դրսից աջակցություն ստանալու համար: Ի դեպ, փետրվարի 3-ին նախատեսվում է հանդիպում հայ համայնքի հետ դեսպանատանը, որին մասնակցության հրավերներ են ուղարկվել Վաշինգտոնում և շրջակա տարածքում բնակվող հայերին: Սակայն շատերը հրաժարվում են մասնակցել` բոյկոտելով այն, քանի որ մտավախություն ունեն, որ կրկին ցեղասպանության թեմայով է խոսելու, մտադիր են բողոքի ակցիաներ կազմակերպել»: