«Իմ քայլ»-ում գոհ են Բրյուսելում վարչապետի հանդիպումներից

Հանդիպումների արդյունքներով անցկացվել է երեք ճեպազրույց, եւ դատելով եղած տեղեկություններից՝ կարող եմ ասել, որ այցը հաջող է անցել

Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումներից տպավորություններն ավելի քան դրական են: Այս մասին այսօր «Հայաստան-Եվրամիություն. համաձայնագրի իրականացման հեռանկարները» քննարկման ժամանակ ասաց Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետի Բրյուսել այցին եւ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներին:

Նրա խոսքով՝ վարչապետը Եվրախորհրդարանում ելույթ է ունեցել հստակ շեշտադրված հայտարարություններով եւ ազդակներով:

«Հանդիպումների արդյունքներով անցկացվել է երեք ճեպազրույց, եւ դատելով եղած տեղեկություններից՝ կարող եմ ասել, որ այցը հաջող է անցել: Երկու կողմերն էլ ընդգծել են Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համաձայնագրի իրականացման կարեւորությունը, ինչպես նաեւ համագործակցության ու փոխօգնության պատրաստակամությունը»,- պարզաբանել է Եղոյանը:

Նա հատուկ կարեւորեց վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ երկխոսությունը: Արման Եղոյանը նաեւ հավաստիացրեց, որ ձեռք բերված համաձայնությունների իրականացման եւ այս գործընթացի շարունակման դեպքում ձեռք կբերվեն բավականին զգալի արդյունքներ: