Նարեկ Մալյանը մանրամասներ հայտնեց իր վրա կատարված հարձակումից

Այդ հարձակումը ոչ թե իմ դեմ է, այլ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու դեմ էր

Այն, որ այդ ամբողջ պատմության մեջ նաեւ աղբամանի հատված է եղել, ես տեղեկացել եմ ոստիկանությունում՝ սոցցանցերից։ Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, ԵՊՀ շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց հրապարակախոս Նարեկ Մալյանը՝ անդրադառնալով իր վրա հարձակմանը։

Մալյանը ներկայացրեց միջադեպի մանրամասները. «Եղել է հետեւյալը` ես ժամը 12:10-ի կողմերը փորձեցի մուտք գործել իմ շենքի շքամուտքից,  հետեւից ինձ վրա հարձակվեցին մի քանի հոգի, տապալեցին ինձ, փորձեցին քաշքշել, ես պոկեցի Դավիթ Պետրոսյանի հագուստը: Նա մերկ վիճակում է հայտնվել ոստիկանությունում: Ես չհասցրեցի հասկանալ, թե ինչ է կատարվում, ընդամենը րոպեներ անց ոստիկանությունը մեզ տարավ Կենտրոնի բաժին: Իրականությունը պարզելուց հետո, ոստիկանությունում ինձ ասացին, որ ծեծի մասին հաղորդում տամ»։

Մալյանը հայտնեց, որ ինքը ծեծի մասին հաղորդում չի տվել, քանի որ իրականում ծեծ տեղի չի ունեցել, իսկ իրավապահները առաջարկելով ծեծի մասին հաղորդում ներկայացնել, այդպիսով փորձել են մեղմացնել «Ռեստարտ» նախաձեռնության անդամների արարքը։ Նրա համոզմամբ՝ նրանց պիտի առաջադրվի խմբակային խուլիգանության մեղադրանք։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որ անընդունելի է բռնության կիրառումը, Մալյանն ասաց. «Վարչապետը դատապարտող գրառումների փոխարեն ուղղակի կարող էր չբուծել սրանց: Վարչապետի խոսքի եւ գործի հակասություններ կան, թե չկան, կտեսնենք, երբ  այս խմբի նկատմամբ կհարուցվի քրեական գործ՝ խուլիգանության երկրորդ մասով, այլ ոչ թե մեղմացումներով, իսկ եթե գնան այն նույն ճանապարհով, ինչ արեցին Մարալիկում,  ապա ես կարող եմ արձանագրել քաղաքական իշխանության հովանավորությամբ»։

Նա նաեւ շեշտեց՝ անակնկալ են պատրաստել «Ռեստարտ» նախաձեռնության անդամների համար։

«Այդ հարձակումը ոչ թե իմ դեմ է, այլ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու դեմ էր։ Այդ մարդիկ եկել էին ոչ թե ինձ հետ հաշիվներ պարզելու, այլ լռեցնելու մի մարդու, որից իրենք սարսափում են»,–ասաց Նարեկ Մալյանը։

Նա նաեւ շեշտեց՝ իր ինքնապաշտպանությունը ինքն է իրականացնելու եւ նույն էլ կոչ արեց մյուսներին. «Ժամանակն է, որ հանրությունը զբաղվի իր ինքնապաշտպանությամբ։ Կոչ եմ անում բոլորին ձեռք բերել էլեկտրոշոկերներ, գազային ատրճանականեր, բեյսբոլի մահակներ, որ իրենց ուժերով իրականացնեն իրենց ինքնապաշտպանությունը։ Մեր պաշտպանությունը մեր վրա է»։