Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԽ պատվիրակին

Հանդիպման ընթացքում ննարկվել է Արցախի խնդրում մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման հարցը

Մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումպուլուսին:

Հանդիպումը նպատակաուղղված էր զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության իրավական եւ ինստիտուցիոնալ մեխանիզմների, այս ոլորտում Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության քննարկմանը:

ՀՀ պաշտպանության նախարարը Եվրոպայի խորհրդի պատվիրակին ներկայացրել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանն ուղղված տարատեսակ նախաձեռնությունները: Դավիթ Տոնոյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի ու պահանջների պահպանման անհրաժեշտության վրա, կոչ անելով միջազգային կառույցներին հետամուտ լինել հակամարտող կողմերի` անազատության մեջ գտնվող քաղաքացիական ու զինվորական անձանց արդար դատաքննութան իրավունքի իրացմանը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցության օրակարգային այլ հարցեր: