Պրոիշխանական լրագրողի բարձրացրած աղմուկից հետո Դատախազությունն ուսումնասիրում է հրապարակումը

Մանրամասներ
սիվիկ

Պրոիշխանական լրագրողի բարձրացրած աղմուկից հետո ոստիկանություն է կանչվել ԱԺ, դատախազությունն իր հերթին հայտնել է, որ նյութերն ուսումնասիրվում են։ Մինչդեռ «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը երեկ հանցագործության մասին հաղորդում էր հրապարակել, սակայն Գլխավոր դատախազությունում դեռ ընդամենը ուսումնասիրում են հրապարակումը:

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին, «Յութուբ» մուլտիմեդիա էլեկտրոնային հարթակի «Civic News» ալիքի էջում հրապարակվել է 8 ր. 39 վրկ. տևողությամբ տեսանյութ՝ «Բագրատ «սրբազանի» ու ԿԳԲ-ի կապը. Ով է նա ու ինչի՞ է ցանկանում հասնել» (https://www.youtube.com/watch?v=wJtw2ZAQuxE) վերտառությամբ։

Հանցագործության մասին հաղորդման մեջ նշվում է. «Տեսանյութում «լրագրող» մասնագիտությամբ, Դավիթ Լևոնյան անուն ազգանունով ներկայացող անձը ստահոդ, կեղծ և փաստազուրկ մեղադրանքներ ու զրպարտանքներ է հնչեցնում Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանի հասցեին:
Նշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է (մեջբերումը վերոնշյալ «հաղորդման» էլեկտրոնային կապից է) «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու, «Կրեմլից» միլիոնավոր դոլարներ ստանալու, հայ-ադրբեջանական պատերազմ հրահրելու» համար։

Լրագրողական էթիկայից զուրկ՝ նշյալ տեսանյութում հնչում են պնդումներ, թե իբր նա ունի «ապացույցներ», ըստ որոնց՝ Հայ եկեղեցու Սրբազանը «միլիոնավոր դոլարներ է ստացել»։

Սա ծանր հանցագործության մասին հաղորդում է, իսկ համաձայն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ԶԼՄ-ով կատարված հրապարակումը քրեական գործ հարուցելու առիթ է։