Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան

Մանրամասներ
քպ

Այս որոշումները մենք կայացնում ենք՝ ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով բանախոսության ժամանակ, անդրադառնալով Տավուշի մարզի հատվածում սահմանազատման գործընթացին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քաղաքացիներից մեկն ինձ հարցրեց, թե ինչո՞ւ ենք մեր գյուղերը տալիս Ադրբեջանին։ Սա շատ կարևոր հարց է, և ես հիմա չեմ ուզում ասել այն, ինչ-որ քաղաքական մակարդակներում ասել եմ, որ Հայաստանում երբեք այդպիսի գյուղեր չեն եղել, բայց ես ուզում եմ մի բան ասել, որը շատ կարևոր է։ Այս որոշումները մենք ի՞նչի համար ենք կայացնում, կայացնում ենք՝ ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության անկյունաքարերն են։

«Մենք այս որոշումները կայացնում ենք այն բանի արձանագրմամբ, որ հասկանում ենք, որ եթե պետության կարևոր նախապայմաններից մեկը քաղաքացին է, երկրորդը՝ տարածքն է և տարածքային ամբողջականությունը։

Ի՞նչ է նշանակում տարածքային ամբողջականություն։  Տարածքային ամբողջականություն նշանակում է տվյալ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածք։

Տարածք կարող է լինել, բայց այդ տարածքը կարող է չլինել միջազգայնորեն ճանաչված»,-ընդգծեց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ վերջերս կուսակցական ֆորմատով փակ քննարկմանը ևս «չորս գյուղը Ադրբեջանին հանձնելու» հարցին է անդրադարձել, և այն ինչ ասել է այնտեղ Գավառում ևս կհնչեցնի․ «Ես ասում եմ՝ մենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Ադրբեջանից որպես փաստարկ, որ ՀՀ-ն ագրեսոր պետություն է, որպես փաստարկ՝ ՀՀ-ի դեմ ագրեսիվ քաղաքականություն վարելու՝ այն ըմբռմամբ, որ այդ ագրեսիվ քաղաքականության մեջ կարող են շահագրգռված լինել ոչ միայն նրանք, ում մենք սովորաբար ընկալում ենք որպես թշնամի, այլև նրանք, ում մենք համարել, համարում կամ կհամարենք բարեկամ»։