«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատական համակարգի դեմ իշխանական ճնշումները նոր թափ են հավաքում. քաղաքացին կաշառքի մասին հաղորդում է տվել ոստիկանությունում:
«Ժողովուրդ» օրաթերթ տեղեկացավ, որ մի քաղաքացի՝ Արմեն Խալոյան անուն ազգանունով, Սուրբ Զատկի օրը՝ հունվարի 5-ին, դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկանություն և հայտնել, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Լյովա Գրիգորյանը, որը 2001 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր և ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Վարուժան Աբելյանը, որը արդեն թոշակի է անցել, իրենից գումար են պահանջել՝ «արդար վճիռ կայացնելու համար»:
Ա.Խալոյանը իրավապահներին դժգոհել է, որ 2004-2006թթ. ընթացքում իր օգտին վճիռ կայացնելու համար նշված դատավորներն իրենից պահանջել են 3.000 ԱՄՆ դոլար: Ոստիկաններն, իհարկե, կատարելով իրենց պարտականությունը, կազմված փաստաթղթերն օպերատիվ կերպով ուղարկել են ՀՀ Հակակոռուպցիոն Կոմիտե:
Բայց այս դեպքը բազում հարցականներ է պարունակում:
1. Ինչո՞ւ է քաղաքացի Խալոյանը դեպքի մասին լռել 20 տարի:
2. Եթե ընդունենք, որ նախկին իշխանությունների օրոք վախեցել է, խուսափել է հաղորդում ներկայացնել, ապա ինչո՞ւ չի արել դա հեղափոխությունից հետո՝ 5 տարի առաջ: Նիկոլ Փաշինյանը 5 տարուց ավել կառավարում է:
3. Ո՞վ է քաղաքացուն ուղղորդել դատավորների դեմ հաղորդում տալ, ի՞նչ հույսով:
4. Արդյո՞ք քաղաքացին չգիտի, որ 18-20 տարի առաջ տեղի ունեցած ենթադրյալ հանցանքի գործը չի կարող դատական վախճան ունենալ, քանի որ գոյություն ունի հանցանքի վաղեմության ժամկետ:
5. Քաղաքացին ինչ տվյալներ է հայտնել. արդո՞ք ինքը 18-20 տարի առաջ 2004-2006թթ տվել է պահանջված կաշառքը:
6. Եթե տվել է կաշառքը և լռել, ուրեմն հավասար հանցակից է, քանի որ կաշառք տալն ու վերցնելը հավասարապես պատասխանատվութան ենթարկելի գործողություններ են:
«Ժողովուրդ» օրաթերթը հետամուտ կլինի այս թեմային՝ պարզելու մանրամասները, թե ինչ ծպտյալ քաղաքական հետք կա այստեղ կամ կա՞ արդյոք, թե՝ ոչ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
0Comments