ԵԱՀԿ նախագահությունն այս տարի անցել է Սլովակիային, ու երկրի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը ի պաշտոնե ստանձնել է կազմակերպության գործող նախագահի պաշտոնը ու այցի հրավերներ ստացել Հայաստանից ու Ադրբեջանից։ Երկու դեպքում էլ նա համաձայնել է այցելել հրավիրող երկրներ։ Այս մասին նա հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ այսօր անցկացրած համատեղ ասուլիսին։
«Ես պատրաստվում եմ այցելել Երևան և Բաքու մարտի առաջին կեսին՝ այդ հարցերը քննարկելու նպատակով: Ես ունեմ հրավեր Հայաստանից և Ադրբեջանից»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահը՝ նկատի ունենալով Արցախյան հակամարտության կարգավորման հարցերը։
Լայչակի խոսքով՝ Հայաստանում նոր ձևավորվող կառավարությունը ուժեղ մանդատ է ստացել ընտրողներից, ու այդ իրավիճակը նոր հորիզոններ է բացում կարգավորման համար։
«Մեր նպատակն է աջակցել Մինսկի խմբի համանախագահներին՝ օգտագործելու այդ նոր իրավիճակը»,- ասել է կազմակերպության գործող նախագահը:
0Comments