Ի՞նչ կլինի, եթե վաղն էլ ասեն, որ չեն ցանկանում Էրդողանին կամ Պուտինին. Պեսկով

ԱՄՆ-ն և մի շարք երկրներ ճանաչել են վերջինիս իշխանությունը, մինչդեռ Ռուսաստանը, Չինաստանը և այլ պետություններ աջակցում են Մադուրոյին

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը թուրքական Hurriyet թերթի հետ հարցազրույցում կոչ է արել Վենեսուելայում տիրող իրավիճակի վերաբերյալ սխալներ թույլ չտալ՝ հիմնվելով արևմտյան պետությունների կարծիքների վրա:

«Այժմ նրանք ասում են, որ Մադուրոն վատ մարդ է, և մենք պետք է փոխարինենք նրան: Իսկ ի՞նչ կլինի, եթե վաղն էլ ասեն, որ չեն ցանկանում Էրդողանին կամ Պուտինին: Ի՞նչ կլինի այն ժամանակ: Ո՞վ իրավունք ունի նման հարցերում որոշում կայացնել: Մենք չպետք է սխալներ գործենք»,- ասել է Պեսկովը:

Նախագահի մամուլի խոսնակը նաև հայտնել է, որ արևմտյան երկրները մշտապես սխալներ են գործում, և որ իրենք չպետք է կրկնեն նույն սխալները:

Հիշեցնենք, որ Վենեսուելայում հունվարի 23-ից բողոքի զանգվածային ցույցերն են ընթանում երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: Ցուցարարները պահանջում են վերջինիս հրաժարականը և երկրում սահմանադրական կարգերի վերահաստատումը: Քաղաքական լարված իրավիճակի ֆոնին երկրի ընդդիմադիր խորհրդարանի առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է հռչակել: 

ԱՄՆ-ն և մի շարք երկրներ ճանաչել են վերջինիս իշխանությունը, մինչդեռ Ռուսաստանը, Չինաստանը և այլ պետություններ աջակցում են Մադուրոյին: