Տավուշի գյուղերը մտնում են Ադրբեջանի՝ 86.600 քկմ-ի մեջ․ Փաշինյանը ճանաչել է և պատրաստ է հանձնել

Մանրամասներ
նիկոլ փաշինյան անկլավներ

Օրերս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ «ադրբեջանական» 8 գյուղ դեռ գտնվում են Հայաստանի «օկուպացիայի» տակ՝ ընդգծելով դրանք «ազատագրելու» կարևորությունը։

2023 թվականի մայիսին Պրահայում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Տավուշի գյուղերի հետ կապված ադրբեջանական պահանջին՝ նշելով, որ պատրաստ է Տավուշի գյուղերը հանձնել: Ավելին, նա ասել էր, որ այս տարվա փետրվար ամսին Մյունխենում Ալիևի հետ հանդիպմանն ադրբեջանական կողմից Տավուշի գյուղերի վերադարձի հարց բարձրացվել է: Իսկ արդեն այս տարվա մայիսին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հաստատել էր, որ Տավուշի գյուղերը մտնում են Ադրբեջանի՝ 86.600 քկմ տարածքային ամբողջականության մեջ, որն ինքը ճանաչել է: Ուստի դրանից հետո հունիս ամսին China Media Group-ին տված հարցազրույցում Ալիևը նշել էր. «Նրանք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.600 քկմ տարածքով, ինչն իր մեջ ներառում է Ղարաբաղը և ՀՀ տարածքում ադրբեջանական 8 անկլավները: Սա, իրապես, կարևոր հայտարարություն է, ինչը մնում է ամրագրել թղթի վրա և ստորագրել: Այսինքն, Հայաստանն ասել է «Ա»-ն, որ Ղարաբաղը դա Ադրբեջան է, մնում է անցնեն «Բ» կետին և ստորագրեն այդ համաձայնագիրը»:

Ի դեպ, մայիսին Պրահայում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը խոսել էր նաև Տավուշի հատվածում զորքի հետքաշման մասին՝ նշելով, թե «շատ հնարավոր է՝ ոչ թե դա տեղի ունենա, նոր ստորագրվի խաղաղության պայմանագիր, այլ պայմանագիրը ստորագրվի այն մասին, թե դա ֆիզիկապես ինչպես և ինչ ժամկետներում պետք է տեղի ունենա»: