Արմավիրի մարզում ծիսապաշտամունքային համալիր է պեղվել՝ մոնումենտալ աշտարակով, որից մի փոքր այն կողմ էլ հայտնաբերվել է ենթադրաբար սյունազարդ դահլիճ։ Վայրը պատահաբար է հայտնաբերվել, երբ հնագետ Լևոն Մկրտչյանն ու գործընկերներն Արմավիրի մարզում հնագիտական ուսումնասիրություններ են արել։
«Հասկացանք, որ Խանջյան գյուղի բլրի գագաթին ինչ-որ բան կա, թեպետ ամբողջովին ծածկված էր հողով, բայց պատի հետքեր էին տեսանելի»,– Sputnik Արմենիային ասաց արշավախմբի համաղեկավար Լևոն Մկրտչյանը (գերմանական կողմի համաղեկավարը Սիմոնե Առնոլդն է)։
Այս պահին հայտնի տվյալներով՝ հայտնաբերված հնագիտական շերտերը վերաբերում են մ․թ․ա․ 6-3-րդ դարերին (հնարավոր է՝ մինչև 2-րդ դար)։
Ի՞նչ է իրենից ներկայացրել այս համալիրը․ դեռ ամբողջությամբ պարզ չէ, հստակ է մի բան՝ համալիրի, այսպես ասած, գլխավոր գաղափարական հատվածն աշտարակն է, որի շուրջն էլ տարածվել են այլ շինություններ, այդ թվում՝ սալահատակով, սյունազարդ դահլիճը։ Չի բացառվում, որ աշտարակի շուրջը նաև բնակավայր է ձևավորվել։ Իրականում անզեն աչքով էլ բնակավայրի հետքերը տեսանելի են, սակայն խորհրդային ժամանակներում մելիորացիոն աշխատանքներ են կատարվել, հետևաբար շատ բան արդեն խաթարվել է։ Ոչ հեռու նաև դամբարաններ են հայտնաբերվել, որոնք մանրակրկիտ ուսումնասիրված չեն։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ի արշավախմբի պեղումներին զուգահեռ ճարտարապետ Լիլիթ Տեր Մինասյանն արդեն չափագրումներ է իրականացնում, որոնք առավել կօգնեն պատկերացում կազմել հնավայրի մասին։
Մկրտչյանի խոսքով՝ հնավայրը բավականին հարուստ ու բացառիկ հնագիտական նյութ է տվել․ գտնվել են քարե գործիքներ, մեծ քանակությամբ խեցեղեն և այլն։ Հնագետների համար հետաքրքիր էր մոխրաշերտով և այրված փայտի, ածխացած մնացորդներով ծածկված հաստ պատերով կարասների հայտնաբերումը, ինչը կա՛մ որոշակի ծեսի, կա՛մ էլ դժբախտ իրադարձությունների մասին է խոսում, օրինակ՝ հարձակում, հրդեհ և այլն, որովհետև նաև այրված ոսկորներ են գտնվել։
«Մենք Գերմանիայում ռադիոածխածնային հետազոտության ուղարկեցինք մոխրացած ածուխի նմուշները և ստացանք տվյալներ, որ այդ շերտն ավարտվել է մ․թ․ա․ 3-2-րդ դարերում։ Այս պահին կարող ենք ասել, որ մոտավորապես 3-4 դար կյանք է ունեցել հնավայրը, և անմիջապես այդ հրդեհված շերտից հետո դադարել է հիմնական կյանքն այստեղ»,- նշեց Մկրտչյանը։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում