Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է․ «Կարծում եմ, որ բոլորովին չափազանցություն չէր լինի, եթե Նիկոլ Փաշինյանը Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի սպանության առնչությամբ հրավիրեր Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ և քննարկեր թե՛ սպանությանը, թե՛ ընդհանրապես հանրապետությունում քրեածին, օպերատիվ իրավիճակին առնչվող հարցեր:
Իհարկե առանձնապես ակնկալիք ունենալ, թե դա կարող էր բերել կառավարման որակի փոփոխության, թերևս չկա, հաշվի առնելով տարբեր նախադեպեր: Բայց, դա գոնե կարող էր թույլ հույս առաջացնել, որ գիտակցվում են իրավիճակի խորքային պատճառներն ու վտանգները:
Միևնույն ժամանակ, ՆԳՆ նախարարի պաշտոնանկությունը կարծում եմ նվազագույնն է, որ պետք է իրականացվի, հատկապես այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ինքն իր ցավակցական գրառումով դե ֆակտո արձանագրել է, որ համակարգը Փարաքարում տապալել է կանխարգելիչ գործառույթը:
Սակայն, բանը միայն Փարաքարը չէ, այլ ընդհանրապես իրավիճակը ամբողջ հանրապետությունում, երբ ակնհայտ է քրեածին բաղադրիչի ակտիվությունը»: