Print this page

«Հրապարակ». Ի՞նչ է ասել Լավրովը Սլավոնականում

By Մայիսի 23, 2025 49

«Հրապարակ» թերթը գրում է. «Սերգեյ Լավրովը, Հայաստան կատարած այցի ընթացքում հյուրընկալվելով Սլավոնական համալսարանում, բավականին բաց զրույց է վարել հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Ներկաներից մեկը պատմեց, որ բոլոր հարցերին ի պատասխան՝ Լավրովը կրկնել է այն միտքը, թե թյուր է հայաստանյան տպավորությունը, որ ռուսներն են Ղարաբաղը հանձնել։

Ասել է, որ իրենց համար էլ է «անսպասելի» եղել, երբ Փաշինյանը 2022-ին Պրահայում հայտարարել է, որ Ղարաբաղի հարցի լուծումը տեսնում է Ալմա-Աթայի հռչակագրով, ըստ որի՝ 1991-ից ԼՂՀ-ն Ադրբեջանի մաս է կազմում։ Ասել է, որ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունը Պուտինն անձամբ է խմբագրել եւ ԼՂ-ի պատկանելության հարցը դիտավորյալ դուրս է թողել՝ ջենթլմենական համաձայնություն է կայացվել, որ ԼՂՀ կարգավիճակը կողմերի միջեւ հետագա քննարկման առարկա կդառնա։

Լավրովը նաեւ հերքել է ՀՀ իշխանությունների այն հայտարարությունները, թե 2022 թ․ ջերմուկյան դեպքերի ժամանակ ՀԱՊԿ-ը չի գործել, ասել է, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու կոնկրետ առաջարկ է արել, սակայն ՀՀ իշխանությունը մերժել է, եւ մի քանի ամիս անց ԵՄ դիտորդների են հրավիրել Հայաստան։

Ռուս պաշտոնյան չի թաքցրել, որ հայ-ռուսական հարաբերություններում վերջին տարիներին անջրպետ է առաջացել, եւ ակնարկել է, որ Միրզոյանի՝ իրեն չդիմավորելն էլ իր համար անակնկալ չի եղել: Ասել է, որ պատրաստ են վերաթարմացնել հարաբերությունները, եթե մեր իշխանությունները ցանկանան։ 

Մեր աղբյուրի պնդմամբ՝ իրականում Լավրովը Հայաստան է այցելել ոչ այնքան պաշտոնական հանդիպումների, որքան հասարակական տրամադրությունները զգալու, քանի որ Փաշինյանի քայլերից նկատելի է, որ առաջիկայում նոր զիջումների է գնալու, որոնք կարող են առնչվել նաեւ ՌԴ շահերին, Կովկասում ՌԴ գործոնի թուլացմանը։ Թե ինչ տպավորությամբ է հեռացել ՌԴ արտգործնախարարը, պարզ կդառնա հայաստանյան կյանքին միջամտություններից։

Rate this item
(0 votes)

Latest from Live24