Print this page

Իրանն ԱՄՆ-ին սպառնացել է «նոր Վիետնամով կամ Աֆղանստանով»

By Մայիսի 23, 2025 51

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը ԱՄՆ-ին սպառնացել է «նոր Վիետնամով կամ Աֆղանստանով», եթե Վաշինգտոնը սխալ գործողություններ անի Մերձավոր Արևելքում։ Տեղեկությունը հայտնում է IRNA-ն։

«Տարածաշրջանում ԱՄՆ–ի սխալներն ամեն դեպքում նրանց համար կվերածվեն նոր Վիետնամի կամ Աֆղանստանի», - ասվում է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարության մեջ:

Իրանցի զինվորականները խոստացել են պատասխանել սպառնալիքներին կամ սխալ գործողություններին:

Ավելի վաղ Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին ընդգծել էր, որ Իրանի զինված ուժերը գտնվում են իրենց մարտական պատրաստության գագաթնակետին, երկրի անվտանգության ապահովման ծրագրեր են իրականացվում: Նա այս հայտարարությունն արել էր այն բանից հետո, երբ CNN հեռուստաալիքը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն հետախուզական տվյալներ է ստացել, որ Իսրայելը պատրաստվում է հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին:

Իրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ին և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) կոչ է արել միջոցներ ձեռնարկել իրանական միջուկային օբյեկտները պաշտպանելու համար` շեշտելով, որ Իսրայելի հարձակման դեպքում ԱՄՆ–ն կհամարվի այդ գործողությունների մասնակից: Թեհրանում նշել են, որ վճռականորեն կպատասխանեն իրանական միջուկային օբյեկտների դեմ սպառնալիքներին և գործողություններին:

Rate this item
(0 votes)

Latest from Live24