Wildberries-ը սկսել է ապրանքի վերադարձի դեպքում գնորդներից պահել առաքման արժեքը։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ընկերությունից։
Սկսած ապրիլի կեսերից, առցանց շուկայում պատվերների ձևակերպման ժամանակ առաքման արժեքը սկսել է ցուցադրվել ապրանքի գնից առանձին։ Այս առումով Հայաստանի շատ բնակիչներ կասկածել են, որ հարթակում նոր վճարովի ծառայություն է ի հայտ եկել։
Wildberries-ում պարզաբանել են, որ առաքման համար ոչ մեծ վճար (մոտ 1 դոլար) միշտ է գանձվել, սակայն պատշաճ որակ ունեցող ապրանքի վերադարձի դեպքում վճարն այլևս չի փոխհատուցվի: Բացառություն են կազմում թերություններ ունեցող կամ վնասված ապրանքները, որոնց առաքման արժեքը վերադարձվում է:
«Առաքման արժեքը չի փոխհատուցվում, երբ վերադարձվում է թերություն չունեցող ապրանք: Դա կապված է լոգիստիկ ծախսերի աճի և գնումներն ավելի գիտակցված դարձնելու մեր ձգտման հետ», - պարզաբանել են ընկերությունում։
Wildberries-ում ընդգծել են, որ այն երկրներում, որտեղ ներկայացված են, ակտիվորեն զարգացնում են լոգիստիկ կարողությունները։ Միջազգային առաքումը ներառում է նաև օդային բեռնափոխադրումներ, ինչը մեծացնում է փոխադրման արժեքը: Ընդ որում, առցանց առևտրի հարթակը հավաստիացրել է, որ վաճառողների կողմից սահմանվող ապրանքների գները չեն փոխվել։
Wildberries-ը միջազգային առցանց հիպերմարկետ է, որը հիմնադրվել է Ռուսաստանում 2004 թվականին։ Ընկերությունը գործում է Բելառուսում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում և Իսրայելում: Հայաստանում հարթակը ներկայացված է 2018 թվականից, իսկ 2021 թվականից սկսել է ընդլայնել պատվերների ստացման կետերի ցանցը։